Իրանցի պատգամավոր. Պանթյուրքական ալիքի դեմ անհրաժեշտ է համակարգված ձևով գործել
Պանթյուրքական ալիքի դեմ անհրաժեշտ է համակարգված ձևով գործել:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Արդեբիլի համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հաղիղաթփուրը:
Իրանցի խորհրդարանականը, անդրադառնալով օրերս Բաքվում անցկացված հակաիրանական անջատողական ուղղվածություն ունեցող հավաքին, մասնավորապես նշել է. «Վերջին օրերին Բաքվում կազմակերպված հավաքի ժամանակ քննարկվել է ազարիների միավորման հարցը, և կարծիքներ են հնչել, թե իբր Իրանի ազարիները ցանկություն ունեն միանալ «Հյուսիսային Ադրբեջանին»: Ուստի իրանցի երիտասարդները պետք է համակարգված և խելացի ձևով պայքարեն պանազարիզմի և պանթյուրքիզմի դեմ, որպեսզի թշնամիներին թույլ չտան խաթարել իրանցիների միասնությունը»:
Հավելենք, որ ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահը, ավելի վաղ հակադարձելով Ադրբեջանի կողմից Իրանի հյուսիսային նահանգների նկատմամբ ուղղակիորեն և անուղղակիորեն ցուցաբերվող հավակնություններին, մասնավորապես նշել էր. «Առաջիկայում Կովկասի վերաբերյալ քննարկումներ անցկացնելու նպատակով համաժողով կկազմակերպվի, որի ընթացքում կքննարկվի ադրբեջանական մի շարք քաղաքները, այդ թվում Բաքուն, Իրանին միացնելու գործընթացին առնչվող հարցեր, քանի որ, այդ քաղաքների բնակիչները հակված են միանալ մեր երկրին»:
Հիշեցնենք, իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ մարտի 30-ին «Հարավային Ադրբեջանի ազգային ազատագրական ճակատ» կոչվող կազմակերպությունը Բաքվում նիստ է գումարել, որի ընթացքում Իրանի տարածքային ամբողջականությունը խարխլելուն ուղղված կոչեր և հայտարարություններ են հնչել:
Ի պատասխան Բաքվի գործողություններին՝ Իրանի ԱԳ նախարարությունը բողոքի նոտա է հղել Ադրբեջանի դեսպանին, իսկ «Քեյհան» հասարակական-քաղաքական կազմակերպությունում ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Հոսեյն Շարիաթմադարին, Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդին և ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը կտրուկ արձագանքել են պաշտոնական Բաքվին:
Նախորդող հրապարակումներ՝
Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ իրականացնում են Իրանը մասնատելու ծրագիր. Իրանագետի մեկնաբանությունը
Իրանցի պատմաբան. «Հյուսիսային Ադրբեջան» տերմինը պատմական մեծ սուտ է
Ադրբեջանում Իրանի դեսպան. Թուրքիան զբաղված է պանթյուրքիզմի տարածմամբ
ԻԻՀ Մեջլիսում Ադրբեջանն Իրանին միացնելու մասին օրինագիծ է մշակվում