Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը Երևանում է (լուսանկարներ)
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 14-րդ համերգաշրջանի բացումը կայանալու է այսօր` անկրկնելի Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով: Նվագախումբը ղեկավարելու է 11 «Գրեմմի» մրցանակների արժանացած ամերիկացի հռչակավոր դիրիժոր Մայքլ Թիլսոն Թոմասը։ Համերգի մենակատարն է հանրահայտ դաշնակահար Եֆիմ Բրոնֆմանը։
Դիրիժոր Մայքլ Թիլսոն Թոմասը, դաշնակահար Եֆիմ Բրոնֆմանը, Վիեննայի Ֆիլհարմոնիկի նախագահ Կլեմենս Հելսբերգը, Վիեննայի Ֆիլհարմոնիկի գլխավոր մենեջեր Դիետեր Ֆլյուրին այսօր հանդիպեցին լրագրողների հետ: Նրանք իրենց խոսում նշեցին, որ Հայաստանում ջերմ ընդունելության են արժանացել:
Համերգային ծրագրում հնչելու է Ֆրանց Շուբերտի Նախերգանք «Ռոզամունդ» դո մաժոր, Յոհաննես Բրամսի թիվ 2 սի բեմոլ մաժոր դաշնամուրային կոնցերտը և Յոհաննես Բրամսի թիվ 1 սոլ մինոր դաշնամուրային կվարտետը՝ Արնոլդ Շյոնբերգի փոխադրությամբ:
Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը ստեղծվել է 1842 թվականին, այն աշխարհի լավագույն նվագախմբերից է, որի հետ աշխատել են ականավոր դիրիժորներ և կոմպոզիտորներ Ռիխարդ Վագները, Ջուզեպպե Վերդին, Անտոն Բրուքները, Յոհաննես Բրամսը, Ֆերենց Լիստը, Գուստավ Մալերը։ Անցյալ դարաշրջանում նվագախմբի համար նշանակալից էին երկարատև համագործակցություններն Արթուրո Տոսկանինիի, Վիլհելմ Ֆյուրթվանգլերի, Կառլ Բոմի, Հերբերտ ֆոն Կարայանի և Լեոնարդ Բերնսթայնի հետ։ Վիեննայի ֆիլհարմոնիկը հանդես է գալիս աշխարհի հեղինակավոր փառատոներում և համերգասրահներում։ Նվագախումբը կազմակերպում է հանրահայտ «Ամանորյա համերգը», որը միջազգայնորեն հեռարձակվում է ավելի քան 70 երկրներում։
Մայքլ Թիլսոն Թոմասը Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական տնօրենն է, Նոր աշխարհի սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիրը և գեղարվեստական ղեկավարը, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորը։ 1971–1979 թթ. եղել է Բաֆալոյի ֆիլհարմոնիկի երաժշտական տնօրենը, իսկ 1981–1985 թթ Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորը: Նրա տասնյոթամյա գործունեությունը Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական տնօրենի պաշտոնում լայնորեն լուսաբանվել է միջազգային մամուլում: 2010 թ. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պարգևատրել է Մայքլ Թիլսոն Թոմասին ամերիկյան կառավարության կողմից արվեստագետներին տրվող բարձրագույն պարգևով՝ Արվեստի ազգային շքանշանով։
Եֆիմ Բրոնֆմանը համարվում է մեր օրերի վիրտուոզ դաշնակահարներից մեկը։
1997 թվականին Եֆիմ Բրոնֆմանն արժանացել է «Գրեմի» մրցանակի՝ Բելա Բարտոկի դաշնամուրի երեք կոնցերտների ձայնագրության համար։
Նշենք, որ փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Ֆոտոշարքն` այստեղ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում