Երևանում կնոջ մարմնից կասկածվող ուռուցքի փոխարեն վիրահատությամբ «բինտ» է հեռացվել
Օրերս հետաքրքիր դեպք է գրանցվել Երևանի ծննդատներից մեկում: Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոն դիմած քաղաքացուհուն անհրաժեշտ բոլոր հետազոտություններն անցնելուց հետո բժիշկներն անհապաղ վիրահատություն են նշանակել: Այնուհետև վիրահատական միջամտությամբ կնոջ մարմնից հեռացրել են ոչ թե ախտորոշված ուռուցքը կամ մկանուռուցքը (միոման), այլ նախորդ վիրահատության ժամանակ թողած «բինտը»՝ թարախակալված վիճակում:
Այս մասին տեղեկացա նույն բժշկական կենտրոնի իմ աղբյուրներից: Ասում են՝ ապրիլի 9-ին վիրահատված Գեղարքունիքի մարզի մոտ 40 -ամյա կինն այսօր էլ պառկած է հիվանդանոցում, ապաքինվում է ու տեղյակ էլ չէ իր հետ կատարվածի մասին: Ավելին, նույն աղբյուրի հավաստմամբ՝ ողջ եղելությունն ամեն կերպ թաքցվում է անգամ մերձավորներից, պատճառը ոչ թե հիվանդին խնայելն է, այլ անփույթ կոլեգաներին հետագայում դատական քաշքշուկից ու հեղինակազրկվելու վտանգից հեռու պահելը:
Իմ համար զավեշտը ոչ այնքան մարդու մարմնում ծվարած վիրակապի հայտնաբերումն է կամ բժշկների հերթական հանցավոր անփութության բացահայտումը, այլև բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի առաջին ռեակցիան՝ իմ հարցադրումին:
ՀՀ ԱՆ Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ինձ հետ զրույցում` հաստատելով իմ տեղեկությունը, զարմանք հայտնեց, թե ինչու եմ այդպես իրար խառնվել` ի՞նչ մի արտասովոր բան կա դրա մեջ.
«Հա ինչ, ինչ..աղջիկ ջան, դա ոչ գաղտնիք է, ոչ սենսացիոն բան է, ոչ էլ հրապարակման համար մի արժանի չգիտեմ ինչ»:
Վերջինիս խոսքով ինքը պատրաստ է ինձ դեպքի մասին ավելին հայտնել, բայց սկզբում պահանջեց ներկայանալ, որպեսզի ինքը համոզված լինի, թե ում է տեղեկատվություն տրամարդրում :
«Իմ հեռախոսի վրա չի գրված ով եք դուք , ինչ եք և ինչպիսին եք… ուրիշի առողջության վերաբերյալ տեղեկատվություն հեռախոսով չեմ տրամադրում:
Այդ մասին մի ասելու մի բան էլ չկա անկեղծ ասած, բայց, եթե ուզում եք, ես կարող եմ դրա մասին սպառիչ պատասխան տալ՝ ոչ հեռախոսով»:
Հետաքրքրվեցի, թե ո ՞ր հիվանդանոցում է 5 տարի առաջ կինն անցել նախորդ վիրահատությունը , որի ժամանակ էլ բժիշկներն անփութորեն վիրակապը թողել են նրա մարմնում, Ռազմիկ Աշոտիչը պատասխանեց. «Նախորդ վիրահատությունը տեղի է ունեցել հանրապետությունից դուրս»:
Հետևող հարցին՝ իսկ կ ա՞ այդ մասին նշված հիվանդի բժշկական պատմության մեջ, ԱՆ գլխավոր գինոկոլոգն արձագանքեց. «Իհարկե, և այդ ամենը մենք պատրաստվում ենք ներկայացնել դատախազին»:
Հաջորդ հարցերին իմ զրուցակիցը վրդովված հիշեցրեց իր նախապայմանի մասին` «քննչական տոնով իրեն հարցեր չուղղել»: Պայմանավորվեցինք մնացյալի մասին խոսել, երբ ինքը վերադառնա կոնֆերանսից և երբ իրեն հարմար լինի:
Սյուզի Բադոյան, անկախ լրագրող
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները