«Առաջին թռիչքի ժամանակ մի շատ հետաքրքիր բան եղավ». աշխարհի 309-րդ տիեզերագնացի հիշողություններից
Թերևս քչերը գիտեն, որ խորհրդային տիեզերագնացները Հայաստանում նախաթռիչքային պատրաստություն էին անցնում: Այսպես, 1960 թվականից մինչև 90-ական թվականների վերջը Հայաստանում նախաթռիչքային պատրաստություն են անցել շուրջ 40 տիեզերագնացներ: Այս մասին գրում է «Armedia.am» –ը` հիշեցնելով, որ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ ապրիլի 12-ը նշվում է որպես տիեզերագնացության և ավիացիայի միջազգային օր:
Ինչպես հայտնի է, 1961 թվականի ապրիլի 12-ին սովետական տիեզերագնաց Յուրի Գագարինը «Восток» տիեզերանավով «Байконур» տիեզերակայանից մեկնեց և իրականացրեց առաջին օրբիտային թռիչքը Երկիր մոլորակի շուրջ: Այդ թռիչքը տևեց 108 րոպե:
Կարելի է ասել, որ բոլոր նախկին խորհրդային հանրապետությունները, որոշակի առումով, ապրիլի 12-ը համարում են նաև “իրենց” տոնը. չէ՞ որ տիեզերքն ուսումնասիրվել է ներկայումս արդեն անկախ՝ նախկին ԽՍՀՄ տարբեր երկրների գիտնականների, կոնստրուկտորների, ինժեներների ջանքերի շնորհիվ: Սակայն այս օրն առանձնահատուկ կերպով նշում են Ղազախստանում: Երկիր, որի տարածքում գտնվում է
Բայկոնուրը՝ գլխավոր հանգրվանը, որտեղից տիեզերք են մեկնել խորհրդային, ապա նաև ռուսական և արտասահմանյան տիեզերանավերը: Հենց ղազախ տիեզերագնաց Տոկտար Աուբակիրովը հանդիսացավ վերջին խորհրդային տիեզերագնացը:
Նշենք, որ թեպետ Հայաստանը չունի սեփական տիեզերագնաց, այն ևս իրականում մեծ ներդրում ունի տիեզերական գիտության մեջ: Շնորհիվ իր գիտական ձեռքբերումների՝ Բյուրականը դարձավ աշխարհի աստղաֆիզիկոսների համար համաշխարհային կենտրոն:
Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը՝ Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի առաջատար գիտական հաստատություններից մեկը, ներկայումս ունի հինգ սարքավորում, որոնց թվում նաև աշխարհում ամենախոշորներից մեկը՝ Շմիդտի աստղադիտակը:
Թերևս քչերը գիտեն, որ խորհրդային տիեզերագնացները Հայաստանում նախաթռիչքային պատրաստություն էին անցնում: Այսպես, 1960 թվականից մինչև 90-ական թվականների վերջը Հայաստանում նախաթռիչքային պատրաստություն են անցել շուրջ 40 տիեզերագնացներ:
Սակայն որքան էլ մենք խոսենք տիեզերքն ուսումնասիրելու հարցում այս կամ այն գիտնակնների ներդրման մասին, մինչ օրս տիեզերքը շարունակում է մնալ չբացահայտված թեմա:
«Ղազախստանի հաջողության գաղտնիքները» ծրագրի շրջանակներում «Արմեդիա» ՏՎԳ-ին տված բացառիկ հարցազրույցում Ղազախստանի Հանրապետության Ազգային տիեզերագնացության գործակալության նախագահ, աշխարհի 309-րդ տիեզերագնաց, տեխնիկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Ղազախստանի բարձրագույն շքանշանակիր Տալգատ Մուսաբաևը պատմել է. "Առաջին թռիչքի ժամանակ մի շատ հետաքրքիր բան եղավ: Երկրորդի ժամանակ էլ է եղել, բայց ոչ այդքան վառ: Թռիչքային օրերից մեկի ժամանակ ես պետք է աստղաֆիզիկական փորձ կատարեի մի աստղի նկատմամբ: Պետք է որոշեի նրա ճիշտ կոորդինատները, նրա կապը ուղեծրի հետ մինչև վայրկյանի տասնորդական մասը: Ես սկսեցի տեղադրել սարքավորումը, և հանկարծ իլյումինատորի մեջ տեսա… Չէ՞ որ իլյումինատորի միջով է կատարվում նկարահանումը, իսկ այն բարձր դասի էր, կվարցային, «Միր»-ում դրանից միայն երկու հատ էր, մնացածը ապակուց էին, որոնց միջով հնարավոր չէ աստղաֆիզիկական փորձեր կատարել: Իսկ կվարցայինը, մնացած ամեն ինչից զատ, նաև ուլտրամանուշակագույն ճառագայթներն է թողնում:
Եվ ես տեսա մի օբյեկտ, լրիվ պատահաբար: Աշխատելու ժամանակ ուշադրությունս գրավեց այն, որ ինչ-որ բան է լույս տալիս և փոխում է ոչ միայն գունային գամման, այլև ձևը: Սա ի՞նչ է: Նայում եմ, չեմ կարողանում հասկանալ: Բանն այն է, որ տիեզերքում լրիվ սև ֆոնի վրա հնարավոր չէ աչքով որոշել հեռավորությունը, դրա համար հատուկ սարքեր` հեռաչափեր են անհրաժեշտ, որ ձեռքի տակ չունեի: Ես ցանկացա գոնե նկարել դա, և արագ թռա բազային մաս, ճանապարհին քիչ էր մնում գլուխս կոտրեի: Վերցրեցի տեսախցիկը (այն ժամանակվա ամենալավը, Hi-8 էր կոչվում) և սկսեցի նկարել: Նկարեցի մի քանի րոպե, բայց նայելու ժամանակ չկար, քանի որ մեր օրը հաշվարկված է րոպեներով: Քնում ենք ժ.11-ին: Այդ ժամանակ էլ վերցրի լուսանկարչական սարքը: Նայում եմ, ամեն բան կա, ամեն ինչ նկարված է՝ և՛ իմ թռչող ոտքերը, և՛ իլյումինատորը, իսկ այդ առարկան չկա":
Ապա Մուսաբաևը հավելել է, որ այն ժամանակ չի պատմել այս ամենի մասին, սակայն ավելի ուշ՝ այո:
«Այն ժամանակ հետևանքները վատ կլինեին, ինձանով կհետաքրքրվեին բժիշկները` նորմա՞լ եմ, թե՞ ոչ նորմալ: Եթե մարդու մոտ տեսիլքներ կան, նրան կարող են չներգրավվել հաջորդ ծրագրում: Այժմ վիճակն ավելի լավ է», - մեկնաբանել է Մուսաբաևը: