Վաղը «ստեղծվելիք» ՀԱԿ-ը վաղուց ստեղծվել է և նմանակում է մեկ այլ ՀԱԿ-ի
Ապրիլի 13-ին` վաղը, կայանալու է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հիմնադիր համագումարը: Որոշիչի հարցում խառնաշփոթ կա: Դեռևս այս տարվա փետրվարի 8-ին Լևոն Զուրաբյանը հայտարարել էր , որ ՀԱԿԿ ստեղծելու նպատակով ձևավորվել է նախաձեռնող խումբ և մարտի 22-ին կայանալու է հիմնադիր համագումար: Ավելին` այդ ժամանակ տեղեկացվել էր նաև, որ փետրվարի 7-ին կուսակցություն գրանցելու ծանուցում է ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարություն: Այնուհետև տեղեկություն եղավ, որ հիմնադիր համագումարը հետաձգվել է նախ` մինչև մարտի 29-ը, ապա` ապրիլի 13-ը: Հետաձգման որոշումը Արամ Մանուկյանը մարտի 7-ին բացատրել էր արդարադատության նախարարությունից սպասվող պատասխանով. նրա խոսքով` մարտի 1-ին պետռեգիստր վերագրանցման մասին դիմում է ներկայացվել և պատասխանը ստացվելու է մեկ ամսվա ընթացքում:
Սրան զուգահեռ տեղի ունեցավ մեկ այլ գործընթաց: Փետրվարի 23-ին կայացած համագումարում «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը որոշում կայացրեց վերանվանվել «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն: Այս ամենին զուգահեռ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունն արդեն իսկ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել: Եվ չի կարելի մոռանալ, որ այս ամենին զուգահեռ Ազգային ժողովում շարունակում է գոյությունը «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը, որն իր հերթին ձևավորվել է ՀԱԿ դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորական մանդատ ստացած գործիչներից:
Ստացվում է, որ այս պահին հայրենի քաղաքական դաշտում առնվազն չորս էպիզոդով հիշատակվում է ՀԱԿ հապավումով քաղաքական ուժ, որոնց իդենտիկությունը մեղմ ասած կասկածի տակ է: Ուստի որոշ պարզաբանումների կարիք կա:
Այն, որ ՀԱԿ-ը որոշել էր կուսակցություն դառնալ, գաղտնիք չէր: Այդ մասին հրապարակային հայտարարություններ արեցին թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՛ Լևոն Զուրաբյանը: Իսկ ահա հարցը, թե ինչպես պետք է կատարվեր տրանսֆորմացիան մեծ մասամբ մնաց անպատասխան: Շատերի մոտ տպավորություն է, որ փաստը տեղի է ունենալու վաղը` ՀԱԿԿ հիմնադիր համագումարում, սակայն այս դեպքում հարց է առաջանում` իսկ ի՞նչ է այդ դեպքում գրանցել ԿԸՀ-ն: Ի վերջո, ընտրություններին որպես կուսակցություն մասնակցելու համար (իսկ ՀԱԿ-ը, ի տարբերություն նախորդ ընտրությունների, դաշինքով չի մասնակցում), անհրաժեշտ էր ԿԸՀ ներկայացնել պետական գրանցման վկայականը: Այսինքն` պետք էր ունենալ գրանցում: Եթե ԿԸՀ-ն գրանցումը կատարել է, ստացվում է, որ այնուամենայնիվ ՀԱԿ անունով կուսակցություն պետռեգիստրում արդեն իսկ գրանցված է:
Բնականաբար հարց է առաջանում` նախարարության համապատասխան ստորաբաժանումը ո՞ր ծանուցումն է բավարարել` ա՞յն, որ ներկայացվել էր փետրվարի 7-ին և որի մասին Լևոն Զուրաբյանը խոսել էր փետրվարի 8-ին, թե՞ այն, որ ներկայացվել է մարտի սկզբին, ինչի մասին խոսել էր Արամ Մանուկյանը մարտի 7-ին: Հույս ունեինք այս շփոթը հասկանալ` այցելելով էլեկտրոնային ռեգիստրի կայք, սակայն այնտեղ էլ ավելի մեծ անակնկալ էր սպասվում. պարզվեց Հայաստանում իսկապես գրանցված է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության, սակայն նրա համահիմնադիրներն են` Արարատ Զուրաբյանը, Երջանիկ Աբգարյանը, Մասիս Այվազյանը, Սերգեյ Բաբոյանը և Գևորգ Գևորգյանը:
Սա որքան էլ տարօրինակ, նույնքան պարզ է. ստացվում է, որ պետռեգիստրում պարզապես կուսակցության անվանափոխություն է կատարվել. եթե կատարվեր վերագրանցում, կթարմացվեին նաև դիմումատուների տվյալները և առնվազն Արարատ Զուրաբյանի անունն այնտեղ չէր լինի: Ինչևէ:
Ի դեպ, ՀՀ Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հասարակական միավորումների գրանցման բաժնի պետ Էդիկ Մարգարյանը Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ «Հայ ազգային կոնգրեսը» հենց ՀՀՇ կուսակցությունն է, որն անվանափոխությամբ գրանցվել է որպես «Հայ ազգային կոնգրես»: «Անվանափոխության կարգը սահմանում է, որ կուսակցությունը հրավիրում է համագումար, որոշվում է կուսակցության կանոնադրության մեջ կուսակցության անվան փոփոխություն կատարել և ներկայացնել պետական ռեգիստրում գրանցման կանոնադրության այդ կետը: Տեղի է ունենում ոչ թե կուսակցության վերագրանցում, այլ կուսակցության կանոնադրության փոփոխության գրանցում»,- պարզաբանեց նա:
Հարցին, թե այդ պարագայում պահպանվո՞ւմ է կուսակցության ղեկավար կազմը, նա պատասխանեց, որ այո. «Մշտապես գործող ղեկավար մարմինը մնացել է նույնը: Կուսակցության ղեկավարը Արամ Մանուկյանն է»,- ասաց Է. Մարգարյանը:
Ի դեպ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու դիմումը, որին ծանոթացանք ԿԸՀ-ում, ստորագրված է հենց Արամ Մանուկյանի կողմից (տես` լուսանկարը):
Փաստորեն` ՀԱԿԿ-ը կա և նրա ղեկավարն այս պահին Արամ Մանուկյանն է:
Այս դեպքում առաջ է գալիս հարցերի շարան: Եթե կա կուսակցություն, այն էլ` պետական գրանցմամբ, ի՞նչ հիմնադիր համագումար է կայանալու վաղը: Առողջ տրամաբանությունը հուշում է, որ հիմնադիր համագումարը եղել է դեռևս փետրվարի 23-ին` այն նույն համագումարը, որտեղ ՀՀՇ-ն վերանվանվել է ՀԱԿ-ի և համապատասխան ծանուցում է ուղարկվել պետռեգիստր: Վաղը կայանալիք համագումարը լավագույն դեպքում կարող է լինել ՀԱԿ կուսակցության արտահերթ համագումար և ոչ ավելին:
Երկրորդը` ո՞ւր մնացին Լևոն Զուրաբյանի ծանուցումն ու ՀԱԿԿ-ի նախաձեռնող խումբը: Չէ՞որ փետրվարի սկզբին նշվում էին անուններ, որոնք իբր ընդգրկված են նախաձեռնության խմբում, բայց ովքեր ՀՀՇ-ի հետ ֆորմալ որևէ առնչություն չունեին, օրինակ` Վլադիմիր Կարապետյանը, Հրանտ Տեր-Աբրահամյանը և այլն: Ո՞ւմ էր պետք այդ խումբը, եթե կուսակցությունն արդեն իսկ նախաձեռնվել է ու գրանցվել: Ի՞նչ էր դա` հասարակությանը մոլորեցնելու, թե այդ խմբի անդամներին մոլորեցնելու փորձ: Իսկ գուցե բոլորին մոլորեցրել է հենց ՀՀՇ-ն: Առայժմ անհասկանալի է, և լավ կլինի ստանալ այս հարցի պատասխանը:
Մեկ այլ հարց էլ ծագում է ՀԱԿ կուսակցության և ՀԱԿ խմբակցության առնչությունների մասին: Ի վերջո այս երկուսը կապ ունե՞ն, թե՞ ոչ: Եթե այո, ապա ի՞նչ բնույթի է այդ կապը և արդյոք ՀԱԿ խմբակցության անդամները գիտեն այդ մասին: Օրինակ, նրանք գիտե՞ն, որ ՀԱԿԿ-ն պետական գրանցման է ներկայացրել «լոգո» և թողարկել է կնիք` օգտագործելով ՀԱԿ խմբակցության լոգոն, ըստ էության կրկնօրինակելով այն: Տարօրինակ է, որ վաղվա համագումարում կայացվելու են որոշումներ, որոնք արդեն դե ֆակտո և դե յուրե կյանքի են կոչվում:
Հաջորդ ամենակարևոր հարցը` ՀԱԿԿ ստեղծումից հետո ի՞նչ կարգավիճակ ունի Հայ ազգային կոնգրես կոչվող միավորը, որտեղ ներգրավված էին մի շարք կուսակցություններ և որն ունի մինչև օրս գործող պաշտոնական կայք, որտեղ, իմիջիայլոց,տարվում է ՀԱԿ կուսակցության ավագանու ընտրությունների քարոզարշավը:
Այնպիսի տպավորություն է, որ քաղաքական դաշտի այս հատվածի լիդերները միտումնավոր հանրությանը մոլորեցնելու քայլեր են ձեռնարկում: Հակառակ դեպքում գործ ունենք սովորական փնթիության հետ: Անկախ նրանից, թե որ տարբերակն է, ակնհայտ է, որ պատասխանատվության զգացումն այս մարդկանց մոտ բարձր չէ, և դժվար թե, անվանափոխությունից կամ նոր կուսակցության մեջ միավորվելուց հետո այն բարձրանա:
Հեղինակ` Տիգրան Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները