ԱՀԿ առաքելություն. Այժմ Հայաստանում հակամանրէային դեղերն առանց դեղատոմսի լայնորեն վաճառվում են դեղատներում
Այսօր աշխարհում լուրջ խնդիր է դեղերից առաջացող հակամանրէային կայունությունն իր անխուսափելի հետևանքներով: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) լուրջ ուշադրություն է դարձնում խնդրին և դրա լուծման գործում տեխնիկական աջակցություն ցուցաբերում անդամ երկրներին: Հայաստանում հակամանրէային կայունության հիմնախնդիրներն ուսումնասիրելու նպատակով ԱՀԿ-ի առաքելությունն այս շաբաթ գտնվում է Երևանում:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ առաքելության անդամները ներկայացրեցին կատարած դիտարկումների նախնական արդյունքնեը և դրանցից բխող առաջարկները: Այս մասին տեղեկացնում են ԱՆ մամուլի ծառայությունից:
ԱՀԿ ներկայացուցիչները կարևորել են, որ հակամանրէային կայունության խնդրի լուծման համար Հայաստանում առկա է քաղաքական կամք և այդ խնդրի լուծումը դիտվում է որպես առողջության պահպանման կարևոր պայմաններից մեկը:
ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչ Նիենկե վան դե Սանդեն նշել է, որ առաքելության ընթացքում արդյունավետ քննարկումներ են ունեցել մասնագետների հետ և համոզվել, որ նրանք քաջատեղյակ են խնդրին: Ընդգծվել է, որ թեև պատկան մարմիններում բավականին բարձր է իրազեկվածությունը, բնակչության լայն շրջաններում զգալի է տեղեկացվածության պակասը:
Առաքելության անդամները շեշտել են, որ այժմ Հայաստանում հակամանրէային դեղերն առանց դեղատոմսի լայնորեն վաճառվում են դեղատներում և հույս հայտնեցին, որ «Դեղերի մասին» ՀՀ նոր օերնքով այն վերահսկելի կդառնա։ Խնդրի կարգավորման գործում կարևորվեց չափորոշիչների և ուղեցույցների մշակումը:
ԱՀԿ ներկայացուցիչները նշել են, որ լավ կառավարման և համակողմանի վերահսկողության շնորհիվ Հայաստանում արդյուանվետ գործում են համանման ծրագրեր` օրինակ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագիրը»:
ԱՀԿ-ի առաքելությունը Հայաստանում հակամանրէային կայունության հիմնախնդրի լուծման 3 հիմնական առաջարկ է ներկայացրել` ստեղծել աշխատանքային խումբ` ընդգրկելով խնդրին առնչվող բոլոր շահագրգիռ կողմերին, նշանակել պատասխանատու անձ և մշակել միջոցառումների ազգային ծրագիր: Մեծածավալ այս խնդրի լուծման համար առաջարկվել է առանձնացնել գերակա հարցերը և հստակեցնել խնդիրները: Որպես խնդրի լուծման գերակա պահանջ առանձնացվել է լաբորատոր հետազոտությունների վրա հիմնված հսկողությունը, ինչը ենթադրում է լաբորատոր ցանցի հզորացում և դրա հսկողությունը ռեֆերենս լաբորատորիայի կողմից:
ԱՀԿ առաքելությունը կարևորել է նաև որակի ապահովման համապատասխանեցումը միջազգային չափորոշիչներին, ինչպես նաև վերահսկողությունը անասնաբուժության ոլորտում: Նրանք պատրաստակամություն են հայտնել աջակցել ազգային ծրագրի ստեղծման և լաբորատոր ցանցի հզորացման գործում:
ԱՀԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Պոլ Ռոջերսը շեշտել է, որ խնդիրը դիտարկվի որպես առողջության պահպանման գործոն:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը շնորհակալություն հայտնելով առաքելության կողմից կատարված մանրամասն վերլուծության համար` ընդգծել է, որ այն շատ օգտակար կլինի ապագա ծրագրերի մշակման ընթացքում: Նախարարը նշել է, որ «Դեղերի մասին» նոր օրենքի մշակումն ինքնին փաստում է, թե երկրում որքան մեծ կարևորություն է տրվում դեղորայքային քաղաքականությանը: Դերենիկ Դումանյանը հավաստիացրել է, որ կազմակերպչական հարցերը շատ արագ լուծում կգտնեն: Նախարարության կենտրոնական ապարատում վերջերս կազմավորված հանրային առողջության բաժինն ակտիվորեն կընդգրկվի այս աշխատանքներում:
«Ինձ համար շատ կարևոր է ռեֆերենս լաբորատորիայի ստեղծման գաղափարը և հույս ունեմ, որ ԱՀԿ և այլ կազմակերպությունների աջակցությամբ կկարողանանք այն իրականություն դարձնել: Գնահատելով ունեցած կարողություններն ու ներուժը, ինչպես նաև առաջիկայում ստանալով ԱՀԿ առաքելության ուսումնասիրության մանրամասն արդյունքները, կհսատկեցնենք առաջիկա մեր անելիքները», - ասել է Դերենիկ Դումանյանը:
ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը հավաստիացրել է, որ նախարարության հետ գործընկերային փոխհարաբերություններն այս ծրագրի շարունակականության ապահովման հիմք կհանդիսանան:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա