Հետազոտություն. Հայ դեռահասների 74 տոկոսը գտնում է, որ բանակում պետք է ծառայել
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում իրականացվել է երկամյա հետազոտական ծրագիր՝ նվիրված էլեկտրոնային մեդիայի, հիմնականում հեռուստատեսության, սոցիալական ցանցերի, համակարգչային խաղերի և ֆիլմերի ազդեցության խնդիրներին: Այսօր ներկայացնելով հետազոտության արդյուքները` ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Անահիտ Մենեմշյանը նշեց, որ երկու տարիների ընթացքում 3 հոգուց բաղկացած աշխատանքային խմբի անդամները քննության են առել դեռահասի կողմից առավել շատ սպառում ունեցող էլեկտրոնային մեդիաարտադրանքը:
Ա. Մենեմշյանի խոսքերով՝ հարցումներին մասնակցել է 5000 դեռահաս` հանրապետության բոլոր մարզերից: «Հարցումները թույլ են տվել պատկերացում կազմել հայ դեռահասի մեդիահետաքրքրությունների, նրանց մտածելակերպի և արժեհամակարգի մասին, մասնավորապես, ինչ է մտածում դեռահասը իր Հայրենիքի, Հայոց բանակի, ընտանիքի, հարազատների, դպրոցի և մի շարք այլ կարևոր իրողությունների մասին»,- ասաց նա:
Նա նշեց, որ ուսումնասիրվել է դեռահասների շրջանում առավել մեծ համարում ունեցող հեռուստաարտադրանքը (ֆիլմեր, սերիալներ): Փորձ է արվել ճշտելու այն արժեքները, որոնք կամա թե ակամա քարոզում են հիշյալ մեդիաձևերը, պարզելու դրանց հնարավոր ազդեցությունը դեռահասի գաղափարների, մտածելակերպի, արժեքների, վարքի վրա: Բացի այդ, բովանդակային քննության են ենթարկվել դեռահասների վարքը սոցիալական ցանցերում, նրանց ընտրած անվանումները, «կարգավիճակները», քննարկումները, նրանց համար հետաքրքրություն ներկայացնող «խմբերը», կայքէջերն ու համակարգչային խաղերը: «Սա թույլ է տվել որոշելու, թե ինչ արժեքների կրող է հայ դեռահասը և ինչ արժեքներ է փոխանակում սոցիալական ցանցերի միջոցով»,- ասաց Անահիտ Մենեմշյանը:
Անդրադառնալով արդյունքներին՝ նշեց, որ 5000 դեռահասի շրջանում անցկացված հարցման արդյուքնում պարզվել է, որ նրանցից միայն 5 տոկոսն է ռադիո լսում, մինչդեռ հեռուստատեսություն բոլորն էլ դիտում են:
Ըստ նրա՝ հարցված դեռահասների 74 տոկոսը պատասխանել է, որ իրենց սիրած հեռուստաարտադրանքը սերիալն է: «Նույնիսկ հեռուստահաղորդման անվան տակ նրանք սերիալ էին գրում»,- ասաց Ա. Մենեմշյանը: Նշվեց նաև, հարցումների համաձայն՝ հումորային, աստղային կյանքին առնչվող հաղորդումներին հետևում է դեռահասների 30 տոկոսը, հասարակական, քաղաքական հաղորդումներին՝ 10 տոկոսը:
Ինչ վերաբերում է համացանցին, ապա հարցման արդյունքները մեկ անգամ ևս փաստում են, որ դեռահասների 70 տոկոսը ինտերնետից օգտվում է շփվելու համար, այնուհետև ժամանացի, տեղեկատվություն ստանալու նպատակով: Ավելի հաճախ նրանք օգտվում են սոցիալական կայքերից. առաջին տեղում գտնվում է odnoklassniki.ru կայքը:
Ա. Մենեմշյանը նշեց, որ լրացնելով հարցաթերթիկները՝ հարցված դեռահասների 53 տոկոսը նշել է, որ ունենք հզոր բանակ, 46 տոկոսը նշել է՝ բանակը իդեալական չէ, բայց վատն էլ չէ, 4 տոկոսն էլ գտնում է, որ բանակում ամեն ինչ գլխիվայր է: Նրանցից 74 տոկոսը նաև պատասխանել է, որ պետք է ծառայել բանակում, 24 տոկոսը պատասխանել է, որ լավ կլիներ՝ մոտ տեղ ծառայեն, 7 տոկոսն էլ նշել է, որ չի ծառայի բանակում:
Հարցվածների 43 տոկոսը գտնում է նաև, որ երբեք չի լքի հայրենիքը, 52%-ը՝ կլքի, եթե զգա, որ այլ երկրում կարող է ավելի լավ ապրել, իսկ 6 տոկոսը նշել է, որ Հայաստանում չի ցանկանում ապրել:
«Հետազոտությունը ինչ-որ առումով թույլ է տալիս տեսնելու հայ հասարակության վաղվա օրը, թերացումները, որ կան հայ իրականության գերակա արժեքների ձևավորման և պահպանման ճանապարհին, հստակեցնելու հայկական էլեկտրոնային մեդիայի անելիքներն այս առումով, ինչպես նաև նախանշելու որոշակի պաշտպանական մեխանիզմներ»,- ասաց Ա. Մենեմշյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները