Ջահը «խարիսխ կձգի» Բայկալ լճի հատակում, ապա վեր հառնելով` կհայտնվի Հյուսիսային բևեռում ու նույնիսկ… տիեզերքում
Անծայրածիր Ռուսաստանի մեծությունն ու հզորությունը մեկ անգամ ևս կապացուցեն Սոչիում 2014 թ. կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերը: Կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չեռնիշենկոն ասել է, որ օլիմպիական ջահի փոխանցավազքն անկրկնելի է լինելու, քանզի Ռուսաստանը հենց միայն տարածքով աշխարհում ամենամեծն է:
Հունաստանում բոցավառվող ջահը մեկ շաբաթ հին Օլիմպիայում շրջելուց հետո կտեղափոխվի Մոսկվա: Այնտեղից կսկսվի 75 հազար կիլոմետր ձգվող կրակի` 123-օրյա երթը, որի ականատեսն ու մասնակիցը կդառնան ժամային 9 գոտիներում ապրող ավելի քան 3000 քաղաքների ու բնակավայրերի բնակիչները: Սա իր երկրին և հենց իրեն` Ռուսաստանի քաղաքացուն բացահայտելու յուրօրինակ միջոց կդառնա բնակչության առնվազն 90 տոկոսի համար: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Հիրավի, զարմանահրաշ երթուղի է ընտրված: Օլիմպիական կրակը կբարձրանա Եվրոպայի ամենամեծ լեռնագագաթը` Էլբրուսը, ապա, որքան էլ տարօրինակ թվա, ջահը «խարիսխ կձգի» Բայկալ լճի հատակում և կրկին վեր հառնելով` կհայտնվի Հյուսիսային բևեռում ու նույնիսկ… տիեզերքում:
Արդեն համապատասխան շտաբ-կենտրոններ են ստեղծվել, որոնք կապահովեն ինչպես երթուղու և 14 հազար ջահակիրների անվտանգությունը, այնպես էլ մշակութային ծրագրերի իրականացումը:
Հավելենք, որ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկը կտրվի 2014 թ փետրվարի 7 -ին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում