Ռուստամյանը հույս ունի համագործակցելով «սասանել մենիշխանության դրվածքը» Երևանում
«Բարձր եմ գնահատում ՀԱԿ-ի հետ համագործակցությունը, որն արդեն մեկ տարի է` շարունակվում է և, անկախ մեր ունեցած տարբերություններից, մենք մեկ բանում համոզված ենք որ այսպես չի շարունակվի` ահագնանում է արտագաղթը, արյունաքամ է լինում մեր ժողովուրդը», -այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Հայ Ազգային կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ ողջույնի խոսքում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Նա վստահություն հայտնեց, որ համագործակցության այդ հիմքերը լավագույնս կծառայեն նաև Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում` «սասանելու մենիշխանության դրվածքը»: Ռուստամյանը վստահ է, որ ընդդիմությունը առիթ կունենա ցույց տալու, որ ժողովրդի իշխանություն կարող է հաստատվել մայրաքաղաքում, հասնել ավելի արդյունավետ կառավարման: «Մենիշխանության դրվածքը սասանելուն» ուղղված համագործակցությունը ճիշտ է, չի կայացել ավագանու ընտրություններից առաջ, բայց Ռուստամյանը հույս ունի, որ գործնական համագործակցություն կլինի ընտրություններից հետո` հետընտրական դաշինք ձևավորելու պարագայում: «Հետընտրական դաշինքի մասին հայտարարել ենք, շատ ուրախ եմ, որ ՀԱԿ ներկայացուցիչները դա կարևորում են և այդպիսի հայտարարություններ արել են: Դեռ ոչինչ կորած չէ` հետընտրական դաշինքը ունենալով նույն նպատակին կարելի է հասնել առաջիկայում», հայտարարեց Ռուստամյանը:
Համագումարի մասնակիցներին ողջույնի խոսք ասաց նաև ԲՀԿ անդամ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Նա ասաց, որ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական ուժերին կոնսոլիդացիա ձևավորելու առաջարկ էր արել: Նա նաև նշեց, որ կոնսոլիդացիան ենթադրում է ձևավորվել առողջ ուժի շուրջ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում