Վ. Օսկանյանն ընդօրինակում է Րաֆֆի Հովհաննիսյանին
Մեկնաբանելով Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ Վարդան Օսկանյանի կողմից հնչեցված այն հայտարարությանը, թե նախագահական ընտրություններին ԲՀԿ-ի մասնակցության դեպքում իրենք Ր. Հովհաննիսյանից ավելի շատ ձայն կհավաքեին, և փողոց դուրս գալու դեպքում անպայմանորեն արյուն կարող էր թափվել` «Голос Армении»-ն նկատում է, որ 2008-ին իշխանության կողմում գտնվող Վ. Օսկանյանը նույնպես շատ հեշտ և հանգիստ խոսում էր մարտի 1-ի 10 զոհերի մասին:
«Շատ հեշտ է զոհաբերել ուրիշի կյանքը` հատկապես իմանալով, որ դու չես պատասխան տալու դրա համար, քանի որ բախման դեպքում պատասխանատվությունը կրելու էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը»: Բացի այդ, ըստ թերթի` բավականին դժվար է պատկերացնել օլիգարխ Գագիկ Ծառուկյանին փողոցային ընդդիմության առաջնորդի դերում՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ երբ ԲՀԿ-ից պահանջվում է հստակ որոշում կայացնել այս կամ այն քայլի վերաբերյալ, Գ. Ծառուկյանի մոտ միշտ ինչ-որ անհապաղ գործ է ծագում արտերկրում: Անդրադառնալով ԲՀԿ-ի կողմից Երևանի ավագանու քարոզարշավի իրականացման բուն ձևին` «ГА»-ն նկատում է, որ բակից բակ գնացող և «Բարև ձեզ, ես Վարդան Օսկանյանն եմ» արտահայտությունը կրկնող նախկին արտգործնախարարն, ըստ էության, փորձում է կրկնօրինակել Ր. Հովհաննիսյանի նախագահական ընտրությունների ժամանակ իրականացրած քարոզարշավի ոճը: «Զարմանալի չի լինի, եթե վաղը մենք տեսնենք Օսկանյանին ինչ-որ վարսավիրանոցում մազ կտրելիս կամ անծանոթ մարդու թաղմանը»,-նկատում է թերթը: