Կառավարության կազմը գրեթե չի փոխվի
«Ժամանակ»-ի տեղեկությունների համաձայն՝ կվերանշանակվեն նախարարների մեծ մասը: Ասում են, որ կշարունակեն պաշտոնավարել կոալիցիոն «Օրինաց երկիր» կուսակցության քվոտայով նախարարներ նշանակված գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Վերջինս Երևանի ավագանու ընտրություններում թեև գլխավորում է ՕԵԿ ցուցակը, բայց դրա նպատակը ոչ թե քաղաքապետ դառնալն է, այլև ՕԵԿ-ի համար անցողիկ տոկոսներ ապահովելը:
Ամենայն հավանականությամբ, կվերանշանակվեն նաև էներգետիկայի երկարամյա նախարար Արմեն Մովսիսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Կարծիք կա, որ կվերանշանակվեն նաև կին նախարարներ Հրանուշ Հակոբյանն ու Հասմիկ Պողոսյանը: Որոշակի վերապահումներ կան արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանի և բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի նշանակման հարցում:
Հայտնի է, որ կառավարությունում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ: Մամուլում հրապարակում եղավ, թե Պետեկամուտների կոմիտեն կարող է միանալ Ֆինանսների նախարարությանը, իսկ նախարար նշանակվի ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Այս տարբերակը չի բացառվում, բայց քիչ հավանական է, քանի որ այս դեպքում պետության եկամուտների հավաքագրումը և բաշխումը կկենտրոնացվի մեկ գերատեսչության, այն է՝ Գ. Խաչատրյանի ձեռքում: Բայց հազիվ թե իշխանություններն այս տարբերակին գնան, քանի որ նախ՝ միջազգային կառույցների կողմից ընդունելի չի լինի, որ ՊԵԿ-ը և ֆինանսների նախարարությունը միավորվեն: Նաև չի ընդունվի Գ. Խաչատրյանի նշանակումն այդ պաշտոնին, քանի որ նա համարվում է գործարար պաշտոնյա և, որոշ տեղեկությունների համաձայն, մերժված է արևմտյան կառույցների ու երկրների կողմից»: