Կ.Բեքարյան. Եվրաինտեգրում, թե Եվրասիական միություն` չմոռանանք փակ սահմանների մասին
Հայաստանում ձևավորվել է ունիկալ մի իրավիճակ, որը կարելի է տեսնել ուղղակի քարտեզին նայելով և նկատի ունենալով Հայաստանի հարաբերությունները հարևան պետությունների հետ և վերջիններիս հարաբերությունները գերտերությունների հետ: Այս մասին «Հայաստան. Աշխարհաքաղաքական և ինտեգրացիոն հեռանկարներ» համաժողովի ժամանակ ասաց քաղաքագետ Կարեն Բեքարյանը:
Նրա խոսքով, օրինակ, եվրոպացիների սրտով չէ, որ Հայաստանը ձգտում է դեպի եվրասիական միություն: Իսկ Ռուսաստանին էլ դուրս չի գալիս, որ Հայաստանը եվրաինտեգրմանն է ձգտում.
«Փորձել ինչ-որ բան ընտրել ինչ-որ բանից` Հայաստանի համար սա վտանգավոր ճանապարհ է: Դրանում համոզվելու համար, կրկնում եմ, նայենք քարտեզին, իսկ բացի այդ` չմոռանանք նաև, որ մենք չունենք ծովային հաղորդակցություն: Ինչ ենք անելու` շարունակելու ենք եվրաինտեգրումը, թե, ի վերջո, մենք ստիպված ենք ընտրել եվրասիական միությունը: Այս հարցը, որ անընդհատ բարձրաձայնվում է, ըստ իս արհեստական է», -նշեց Կարեն Բեքարյանն ու ավելացրեց, որ ուղղակի պետք է հասկանալ, թե ինչ են այս ուղղությունները տալու Հայաստանին:
Օրինակ, եվրասիական միությունը քաղաքագետի համար դեռևս թեորիա է, այնպես որ դեռ անհրաժեշտ է մանրամասնորեն հասկանալ, թե ինչ է դրված այս գործընթացի հիմքում և ինչ է այն տալու Հայաստանին:
Ամեն դեպքում ցանկացած գործընթացի տրամաբանության մեջ, ըստ քաղաքագետի, պետք է տեղավորվի այն հանգամանքը, որ Հայաստանն ունի փակ սահմաններ Թուրքիայի և Ադրբեջանի հետ:
Նշենք, համաժողովին, որը կազմակերպվել է «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության կողմից, մասնակցում են ՀՀ, Լատվիայի, Էստոնիայի խոհրդարանների պատգամավորներ, քաղաքագետներ Բալթյան երկրներից, փորձագետներ: