Մեկնարկում է Ազգային գրադարանային շաբաթը. «Պետությունը բավականին ակտիվացրել է իր ուշադրություն գրադարանային ոլորտի վրա»
Ապրիլի 15-ին մեկնարկում է Ազգային գրադարանային շաբաթը, որն այս տարի անցկացվում է «Գրադարան, այժմ նաև թվային» կարգախոսով: Այս մասին ասուլիսում հայտարարեց Խնկո Ապոր անվան գրադարանի տնօրեն, «Գրադարանային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Տոնոյանը:
Նրա խոսքով, արդեն 11-րդ տարի է «Գրադարանային ասոցիացիա» ՀԿ-ն կազմակերպում է «Ազգային գրադարանային շաբաթ», որի հիմնական նպատակն է հանրության բոլոր շերտերի ուշադրությունը հրավիրել գրադարանների ու գրադարանային խնդիրների վրա: Ըստ նրա, միջոցառումներ անցկացվելու են մայրաքաղաքային, քաղաքային, գյուղական գրեթե բոլոր գրադարաններում: Բացումը լինելու է Հայաստանի Ազգային գրադարանում:
Շաբաթվա կարգախոսը պատահական ընտրված չէ: Ասուլիսին ներկա Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանն ասաց. «Աշխարհում արդեն շատ երկրներում թվային գրադարանների ստեղծման գործընթաց է գնում: Կարևորում ենք, որ գիրքն ու թվային տեխնոլոգիաները համատեղ գործեն ու նպաստեն ընթերցողի տեղեկատվության ստանալուն»:
Ռ. Տոնոյանի խոսքով, վերջին տարիներին պետությունը բավականին ակտիվացրել է իր ուշադրություն գրադարանային ոլորտի վրա, ինչին նպաստել է նաև երկու կարևոր իրադարձություն` Հայ գրատպության 500-ամյակն ու Երևանը` գրքի համաշխարհային մայրաղաքաղ: Նա նշեց, որ տարվա ընթացքում վերականգնվել են բազմաթիվ գրադարաններ, տեխնիկապես վերազինվել, կահավորվել են, միաժամանակ նկատեց, որ կան նաև թերությունները, որոնք հիմնականում համայնքային, գյուղական գրադարաններում են առկա:
Ռաֆիկ Ղազարյանն էլ ասաց, որ քաղաքային, գյուղական գրադարաններում խնդիրներ կան: Ըստ նրա, դա կապված է նաև գյուղապետից, քաղաքապետից, թե ինչպիսի վերաբերմունք ունեն գրադարանների նկատմամբ: Նա նաև նշեց, որ ոլորտին տրամադրվող միջոցները, բնականաբար, բավարար չեն:
Ռ. Ղազարյանի խոսքով, մարզային գրադարանների վիճակը վերջին տարիներին բարելավվել են, ունեն ջեռուցում, գրադարանային ֆոնդը հարստացվում է: Նա ընդգծեց, որ բոլոր գյուղական, քաղաքայիան գրադարանները մանկական գրականության կարիք ունեն, թեև այսօր հրատարակվում են այնպիսի մանկական գրականություն, որ անմիջապես գերում են երեխաներին, սակայն գրադարանները չեն կարողանում ձեռք բերել: «Շաբաթը հենց նրա համար է, որպեսզի կարողանանք այն խնդիրներ, որ կան գրադարաններում, հասցնենք օրենսգիր, գործադիր իշխանություններին, որպեսզի գրադարանային խնդիրները լուծվեն»,- ասաց Ազգային գրադարանի փոխտնօրենը:
Ի դեպ, դիտարկումները ցույց են տվել, որ մարզային գրադարններն ավելի շատ են ընթերցողներ ունեցել: «Սակայն վերջին տարիներին իրավիճակը փոխվել է. Երևանի գրադարաններն ավելի շատ ընթերցողներն ունեն, քանի որ, ինչպես նշվեց, մարզային գրադարանները խնդիրներ ունեն»,- ասաց Ռ. Տոնոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան