Հայտնի են Businessgame-ի հաղթողները
Ամփոփվել են Հայաստանում առաջին անգամ անցկացվող Businessgame-ի արդյունքները։ Այն համատեղ կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Մերքեթինգի (շուկայագիտության) հայկական ակումբ» ՀԿ-ն։ Խաղի մասնակիցները ներկայացնում էին Հայաստանի ձկնաբուծության ոլորտի զարգացման ուղիները, կառավարում իրենց վիրտուալ ընկերությունը մրցակցային շուկայում, կայացնում իրատեսական որոշումներ ու հասնում հաջողությունների։
Այս մասին հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամից:
Businessgame-ը սիմուլյացիոն խաղ է, որն ամբողջ աշխարհում օգտագործվում է որպես կրթական գործիք։ Բիզնես խաղերը՝ որպես դասավանդման մեթոդ, կիրառվում են ոչ միայն համալսարաններում, այլև բիզնեսի, մարքեթինգի ոլորտներում կադրերի վերապատրաստման ժամանակ։
Նորարարական-ինտերակտիվ երիտասարդական այս խաղին մասնակցության հայտ էր ներկայացրել տարբեր բուհերի մարքեթինգի, կառավարման, PR-ի բաժինների և հարակից մասնագիտություններ ուսումնասիրող շուրջ 55 ուսանող։ Եզրափակիչ փուլում հաղթող ճանաչվելու համար ուժերը չափեցին 10-ը։
Բիզնես խաղը մասնակիցները ներկայացրին նաև համապատասխան մասնագետներին։ Վերջիններս կարևորեցին նման նախաձեռնությունները՝ նշելով, որ նպատակահարմար է այն անցկացնել ոչ միայն ուսանողների, այլև արդեն կայացած գործարարների, մարքեթինգի ոլորտի աշխատակիցների միջև։ Առաջարկ եղավ նաև խաղը ներկայացնել էլեկտրոնային կայքի տարբերակով։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ողջունելով խաղի մասնակիցներին և հաղթողներին, նշեց, որ հիմնադրամը մշտապես նոր ու հետաքրքիր նախաձեռնությունների կողքին է։ «Բազմաթիվ են իրականացվող միջոցառումները, սակայն նոր, թարմ գաղափարների կարիք կա։ Businessgame-ը մեզանում այդ նոր գաղափարներից մեկն է, և ցանկալի է, որ նման ձևաչափով ծրագրեր իրականացվեն նաև այլ ոլորտներում։ Սա ձեր առաջին քայլն է գործարար աշխարհում։ Մաղթում եմ, որպեսզի այստեղ ներկայացված վիրտուալ ծրագրերն ու կուտակած փորձը կյանքի կոչեք և ձեր նոր, ստեղծարար գաղափարներով նպաստեք մեր երկրի տնտեսության զարգացմանը»,- ասել է Կարեն Ավագյանը։
Հայաստանում առաջին Businessgame-ի հաղթող ճանաչվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող Սերգեյ Բուլղադարյանը, ով ստացել է 100 հազար դրամ մրցանակ։ Երկրորդ տեղում Գևորգ Բաղդասարյանն էր՝ Ֆրանսիական համալսարանից (50 հազար դրամ), իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ֆրանսիական համալսարանի ուսանողուհի Մանե Բաղդասարյանը (25 հազար դրամ)։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա