Գևորգ Դանիելյան. Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում անհրաժեշտ է առանցքային խնդիր դարձնել դատական ակտերը
Հայոց ցեղասպանությանն անդրադառնալիս, սովորաբար ներկայացվում են փաստաթղթեր, պատմական փաստեր, գիտնականների կարծիքներ, մինչդեռ անհրաժեշտ է առանցքային խնդիր դարձնել ոչ այնքան պատմական փաստերը, որքան դատական ակտերը: «Ցանակացած փաստաթուղթ չի կարող այն արժեքն ունենալ, որքան դատական ակտերը: Իրավական փաստաթղթերը վերացնում են բոլոր թերությունները»,- ասուլիսում նման դիտարկում արեց Սահմանադրական դատարանի խորհրդական, «Սահմանադրական իրավունքի կենտրոն» խորհրդի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտ., պրոֆ. Գևորգ Դանիելյանը` նկատի ունենալով մասնավորապես երիտթուրքերի` 1919-21 թթ. դատավարությունները, ընդունված դատական ակտերը, որոնք չեն բեկանվել, հետևաբար այսօր էլ օրենքի ուժ ունեն:
Ըստ նրա, եթե չկա դատական ակտ, մնացած փաստերը, կարծիքները, վավերագրական նյութերը մեծ արժեք չեն ներկայացնում, իսկ Թուրքիան ամեն ինչ անում է, որ իրենց իսկ կողմից ընդունված դատական ակտերը չդառնան քննարկման առարկա: Գ. Դանիելյանը նկատեց, որ թուրքերի պնդմամբ իրենց դատական ատյանների կողմից նման որոշումներ ընդունվել են միջազգային ճնշման ներքո: «Մեզ համար դա նշանակություն չպետք է ունենա, եթե անգամ ճնշման ներքո են գործել, դա հիմնավորված չէ»,- ասաց իրավաբանը: Նա շնորհակալության հայտնեց պատմաբաններին` կատարած աշխատանքների համար, բայց նշեց, որ առաջիկայում Հայոց ցեղասպանության ճանաչման համար տարվող գործընթացը պետք է դրվի իրավական հարթության վրա, քանի որ դա ավելի շահեկան է:
1918թ. Մուդրոսի զինադադարից հետո, ձգտելով ազատվել երիտթուրքերի վարկաբեկված վարչակարգից և կանխելով Առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակ տարած դաշնակիցների հնարավոր պատժիչ գործողությունները Թուրքիայի հանդեպ, Ահմեդ Իզզեթ փաշայի գլխավորությամբ կազմված նոր կառավարությունը որոշում է Օսմանյան կայսրությունը պատերազմի մեջ ներքաշելու և հայերի դեմ զանգվածային կոտորածներ կազմակերպելու համար դատական պատասխանատվության ենթարկել երիտթուրքական կառավարության ղեկավարներին և «Միություն և առաջադիմություն» կուսակցության կոմիտեի անդամներին: Երիտթուրքական կուսակցության պարագլուխների և նախարարների դատավարությունն սկսվել է 1919թ. ապրիլի 27-ին Ստամբուլում և ընդհատումներով շարունակվել մինչև հունիսի 26-ը (13 նիստ): Այս դատաքննություների ընթացքում հեռակա կարգով մեղադրվել են 11 ու դատավարությանը ներկա 20 կուսակցական և պետական բարձրաստիճան գործիչներ: Մայիսի 28-ին անգլիական հրամանատարությունն անսպասելիորեն 77 մեղադրյալի թուրքական բանտից աքսորել է Մալթա կղզի: Երիտթուրքերի հանցագործությունների գործով վերջիններիս դատավճիռը հրապարակվել է 1919թ. հուլիսի 5-ին: 31 հանցագործներից 4-ը` Ներքին գործերի նախարար, երիտթուրքական կուսակցության կենտրոնական կոմիտեի նախագահ ու մեծ վեզիր (1917-1918) Թալեաթ փաշան, Ռազմական նախարար Էնվեր փաշան, Ծովային նախարար, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Սիրիայում թուրքական 4-րդ բանակի հրամանատար Ջեմալ փաշան և «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի, «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի անդամ, հանրակրթության նախարար դոկտոր Նազըմը հեռակա կարգով դատապարտվել են մահվան: Մյուս 27 մեղադրյալների մեծ մասը դատապարտվել են տարբեր տարիների ազատազրկման, իսկ մի խումբ մեղադրյալներ հանցանշանների բացակայության պատճառով արդարացվել են:
1919-1920թթ. Թուրքական իշխանությունների կողմից կազմակերպված երիտթուրքական դատավարությունն այն եզակի ու անհերքելի փաստերից է, որով ապացուցվում է Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ պետականորեն կազմակերպված ու իրագործված ցեղասպանությունը: Այս դատաքննություններն ու մեղադրական եզրակացությունները լուրջ փաստարկներ են թուրքական պաշտոնական պատմագրության` Հայոց ցեղասպանությունը ժխտող պնդումները հերքելու համար: Երիտթուրքերի դատավարության մասին ամբողջական պատմությունը` այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում