Քուվեյթի նախարարը իր աջակցությունն է հայտնել Հայաստանի հետ ծրագրերի և միջոցառումների կյանքի կոչմանը
Քուվեյթում Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն այսօր հանդիպել է այդ երկրի տեղեկատվության նախարար, երիտասարդության հարցերի պետնախարար շեյխ Սալման Սաբահ Սալեմ Ալ-Համուդ Ալ-Սաբահի հետ, ով համատեղում է նաև մշակույթի նախարարի գործառույթները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվության բնագավառում երկկողմ համագործակցության խորացման հեռանկարները:
Նախարարն իր գոհունակությունն է հայտնել հայ-քուվեյթյան փոխգործակցության ներկա մակարդակի խորացմանն ու ընդլայնմանն ուղղված քայլերի վերաբերյալ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև մշակույթի բնագավառում արձանագրված առաջընթացին, ինչի կապակցությամբ նախարարն իր աջակցությունն է հայտնել նախատեսվող ծրագրերի և միջոցառումների հետագա կյանքի կոչմանը:
Իր հերթին Դեսպան Չարչօղլյանն անդրադարձել է վերջերս Քուվեյթի լրատվական ազգային գործակալության պատվիրակության՝ Երևան կատարած այցելության արդյունքներին՝ կարևորելով վերջինիս և «Արմենպրես»-ի միջև ստորագրված համագործակցության փաստաթուղթը որպես խոստումնալից սկիզբ տեղեկատվության ոլորտում կապերի հետագա ընդլայնման համար:
Հանդիպման ավարտին քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և տարածաշրջանային նշանակության հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում