ՒՏՁՄ-ն այս տարի կանցկացնի Բիզնես ինովացիոն ֆորում
Ապրիլի 13-ին կայացել է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) 13-րդ տարեկան համագումարը: Բացի միության անդամ կազմակերպություններից, համագումարին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Տրանսպորտի և կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Տեղեկատվական և hեռահաղորդակցման (ՏՀՏ) ոլորտի այլ ընկերությունների ղեկավարներ և հյուրեր:
Ինչպես տեղեկացնում են ԻՏՁՄ-ից, համագումարի ընթացքում ներկայացվել են ԻՏՁՄ 2012 թվականի հաշվետու և գործառնական զեկույցները, 2013թ. իրականացվելիք հիմնական ծրագրերը և նախագծերը, որոնցից են ԴիջիԹեք Բիզնես ֆորումը, ԴիջիԹեք ցուցահանդեսը, ԱրմՌոբոտիքսը, Համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնությունը, ՏՀՏ լիդերների հանդիպում ֆորումը: Այս տարվա համար նախատեսված նոր միջոցառումներից և ծրագրերից են Բիզնես ինովացիոն ֆորումը, Հայաստանի առաջնորդների Ակումբը` «E'Club», երիտասարդ տեխնոլոգիական ձեռներեցների ամառային ճամբարը, ԴիջիՆյուզ էլեկտրոնային պարբերականը, Co –Working` անհատ ծրագրավորողների աշխատանքային միջավայրը, Տեխնոլոգիական սփյուռքի շտեմարանը:
Կայացել է նաև ԻՏՁՄ վարչության անդամների ընտրություն: Վարչության կազմում ընդգրկվել են «Սինոփսիս Արմենիա», «Յունիքոմփ», «Օրանժ Արմենիա», «Ինսթիգեյթ», «Սի ԷյջԷս Վերիսել Սերվիս», «Մայքրոսոֆթ», «Նեյշնլ Ինսթրումենթս», «ՋիԷնՍի–Ալֆա», «ԱրմենՏել» ընկերությունները և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը։ «Վեբ» ընկերությունը ստանձնել է ԻՏՁՄ վերահսկիչի պարտականությունները:
Ներկայումս Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը միավորում է ոլորտի 61 կազմակերպությունների, որոնք Հայաստանում գործող տեղական և միջազգային կազմակերպություններ են, ներգրավված են ծրագրային ապահովման ստեղծման, ինտերնետ տեխնոլոգիաների և էլեկտրոնային առևտրի, հետազոտման և զարգացման, կիսահաղորդիչների դիզայնի և այլ մասնագիտացումներում: Մի շարք անդամներ գրավում են առաջատար դիրքեր համաշխարհային շուկայում: Միության անդամների շարքում են «ԱրմենՏել», «Օրանժ Արմենիա», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Սինոփսիս Արմենիա», «Մայքրոսոֆթ», «Ինսթիգեյթ», «Դ-Լինկ» և այլ կազմակերպություններ: