Մեկնարկում է Պոեզիայի միջազգային 1-ին փառատոնը
Այսօր «Կասկադ» համալիրում տեղի կունենա Պոեզիայի միջազգային 1-ին փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը:
Փառատոնին իրենց մասնակցությունն են բերել շուրջ 30 երկրի 100 բանաստեղծ. 50 մասնակից Հայաստանից և Արցախից, 50-ը` արտերկրից: Փառատոնի շրջանակում կներկայացվեն արտերկրի պատվիրակների և հայաստանյան մասնակիցների ծրագրերը:
Հայաստանի և արտերկրի պոետների հետ հանդիպումներ տեղի կունենան Երևանում, Գյումրիում, Ծաղկաձորում, Հրազդանում և այլուր, կանցկացվեն թարգմանված գրքերի շնորհանդեսներ և քննարկումներ: «Պոեզիայի միջազգային օր» խորագրի ներքո Երևանի բուհերում և դպրոցներում կկայանան գրական հանդիպումներ: Արդեն լույս է տեսել փառատոնի հայ և օտարազգի մասնակիցների ստեղծագործությունների երկլեզու /անգլերեն և հայերեն/ անթալոգիան, որի շնորհանդեսը կուղեկցվի գրական ընթերցումներով` հայ և օտարազգի բանաստեղծների մասնակցությամբ: «Նոր գիրք» գրախանութի հարևանությամբ կհիմնվի Պոեզիայի պուրակ, որտեղ մասնակից երկրների պատվիրակները կտնկեն մեկական գնդաձև ակացիա:
Ապրիլի 20-ին, «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի փակման շրջանակում կամփոփվի Պոեզիայի միջազգային 1-ին փառատոնը:
Նշենք, որ փառատոնն անցկացվում է «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում, կազմակերպիչն է Հայաստանի գրողների միությունը՝ մշակույթի նախարարության աջակցությամբ: