Ընդդիմությունն այսօր քննադատում է ընդդիմությանը
Անդրադառնալով այն փաստին, որ բացի «Ժառանգությունից» մյուս բոլոր ընդդիմադիր ուժերը հրավիրված են եղել ՀԱԿ կուսակցության նիստին` «Голос Армении»-ն գրում է. «Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից պարզ դարձավ, թե ինչու ՀԱԿ-ի նիստին հրավիրված չէր «Ժառանգությունը». ՀԱԿԿ նախագահ Տեր-Պետրոսյանի ելույթի և քննադատության հիմնական թիրախը Րաֆֆի Հովհաննիսյանն էր: Որպես լավ քաղաքական ստրատեգ` Տեր-Պետրոսյանը հասկանում է, որ Երևանի ավագանու ընտրություններին ՀԱԿ-ի հիմնական մրցակիցը հենց «Բարև» դաշինքն է, քանի որ երկուսն էլ պայքարելու են ծայրահեղ ընդդիմադիր դիրքորոշում ունեցող լսարանի ձայների համար»:
Բացի այդ` թերթը նշում է, որ Տեր-Պետրոսյանն, ամենայն հավանականությամբ, վախենում էր, թե էքսցենտրիկ Ր. Հովհաննիսյանը կարող է նիստի ժամանակ իր պահվածքով գրավել մարդկանց ուշադրությունը` ստվերելով իրեն` Տեր-Պետրոսյանին: «ГА»-ն նկատում է, որ այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի քննադատության հիմնական թիրախը ոչ թե իշխանությունն է, այլ ընդդիմությունը:
Մեկնաբանելով Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, որ Ր. Հովհաննիսյանի գործողություններում բացակայում է քաղաքական բովանդակությունը` թերթը նշում է. «Քաղաքական բովանդակություն ասելով` Տեր-Պետրոսյանը, երևի, նկատի ունի 2008թ-ի իր գործողությունները, որոնք հանգեցրին 10 մարդկային զոհի: Սա այն գինն էր, որը հասարակությունը վճարեց Տեր-Պետրոսյանի «քաղաքական բովանդակության» համար»: ՀԱԿԿ առաջնորդը նաև նշեց, թե Սերժ Սարգսյանը թույլ չի տա, որ Երևանի ավագանու ընտրություններին Ր. Հովհաննիսյանի կուսակցությունը շատ ձայն հավաքի, ինչի կապակցությամբ «ГА»-ն նկատում է. «Ոչ թե Սերժ Սարգսյանը թույլ չի տա «Բարև» դաշինքին շատ ձայն հավաքել, այլ «Բարև»-ի դեմ Տեր-Պետրոսյանի կողմից ուղղված մահակը, որի միջոցով վերջինս անխնա հարվածներ է տեղում «Ժառանգության» գլխին»: