Հ.Թոքմաջյան. Սխալ է ամեն ինչում մեղադրել միայն ՀՀԿ-ին
Մեր քաղաքական ընտրություններն ավարտել են փետրվարի 18-ին և ապրիլի 9-ին դրա վերջակետը դրել ենք: Իհարկե, համայնքի ընտրությունները չեն կարող քաղաքական ենթատեքստ չունենալ, շատ կարևոր են նաև 2017թ-ի խորհրդարանական ընտրությունների տեսանկյունից, բայց առաջնայինը, բնական է, Երևանի բարեկեցությունն է: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց ՀՀԿ ցուցակի 3-րդ տեղը զբաղեցնող Հովհաննես Թոքմաջյանը:
Բանախոսը նշեց, որ կանաչ գոտիների ավելացումը գրեթե բոլոր քաղաքական ուժերի ծրագրային դրույթներում կա, բայց ինքը կոնկրետ դա կարևորում է ոչ միայն առողջապահական տեսանկյունից, այլև կարևորելով էկոլոգիական: Նրա համոզմամբ` դա լուրջ հիմնախնդիր է, որով Երևանի իշխանությունները պետք է զբաղվեն. «Համաձայն եմ, որ ցավալի վիճակ է, որ Երևանում չկան լայնամաշտաբ հողատարածքներ, որտեղ կարող է կանաչապատումն իրականացվի... բայց այնպես չէ, որ սեփականաշնորհման գործընթացը վերջին երկու-երեք տարիներին է եղել, դա 90-ականներից է եկել: Մենք պետք է ուսումնասիրենք, թե Երևանն ինչ տարածքներ ունի հատկապես իր դարպասների մոտ»,- նշեց նա:
ՀՀԿ թեկնածուն ընդգծեց, որ Երևանն ունի դիմագիծ, որի շինությունները պետք է մնան անձեռնմխելի: Փակ շուկայի խնդրին անդրադառնալով Հ.Թոքմաջյանը նշեց, որ մենք պետք է ունենանք այն տեսքը, որ եղել է և անգամ նշեց, որ քաղաքապետի կարծիքն էլ է դա. «Իմ տեղեկություններով շինարարությունն անցկացվում է ստորգետնյա մասով, իսկ վերգետնյա մասով ամենը պետք է մնա այնպես, ինչպես եղել է: Եվ ես վստահ եմ, որ ցուցակի առաջին համարի կարծիքը այս մասով դեռ կլսեք»,- արձագանքելով այն հարցին, թե թեև քաղաքապետի կարծիքն էլ դա է, բայց շինարարությունը շարունակվում է նշեց նա:
Առկա խնդիրները` էկոլոգիական` կանաչ տարածքների պակաս ու անճաշակ շինություններ, տրանսպորտի խնդիր, ճանապարհներ, աղբահանություն և այլն բանախոսը ևս տեսնում է ու գիտի նաև դրանց լուծումները: Հույս հայտնելով, որ ինքը ներկայացված կլին Երևանի ավագանիում, քանի որ զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, Հ.Թոքմաջյանը, այդուհանդերձ, կարծիք հայտնեց, որ ՀՀԿ-ական քաղաքապետ ունեցող Երևանի խնդիրները միայն կուսակցության հետ չեն կապվում. «Յուրաքանչյուր գործընթացում իր պատասխանատվության բաժինն ունի յուրաքանչյուր կուսակցություն և սխալ է ամեն ինչում մեղադրել միայն ՀՀԿ-ին»,- հավելեց նա: