Գյուղապետի սպանության գործով Պետրոսյանի եղբայրը դարձյալ ձերբակալվել է
Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի նախկին ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության գործի նախաքննության շրջանակներում ավելի վաղ արգելանքից ազատված Արտակ Պետրոսյանը երեկ գիշերը ձերբակալվել է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Մուրադյանի սպանության գործով ավելի վաղ կալանավորված Արտակ Պետրոսյանի եղբայր` Ալիկ Պետրոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը:
Ըստ փաստաբանի, Արտակ Պետրոսյանին գիշերը ձերբակալել են խուլիգանության կասկածանքով: «Նախկինում այս գործով նախապատրաստված նյութերը, հանցակազմի բացակայության հիմքով մերժվել էին: Սակայն հիմա նորից այդ գործը վերսկսել են», -նկատեց փաստաբանը:
Գիվի Հովհաննիսյանը պնդում է, որ իր պաշտպանյալ Ալիկ Պետրոսյանն այժմ գտնվում է անօրինական կալանքի տակ, և պաշտպանը բողոքարկելու է կալանքի մասին որոշումը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ ապրիլի 2-ին, ժամը 9-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է նույն գյուղի գյուղապետ, 1963 թ. ծնված Հրաչ Մուրադյանի դիակը:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ Հրաչ Մուրադյանը մահացել է աջ քունքի շրջանում անհայտ անձի կողմից արձակած հրազենային վնասվածքից: Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Նշանակվել էին մի շարք փորձաքննություններ:
Հրաչ Մուրադյանը դաշնակցական էր, և Հ. Յ. Դաշնակցությունը հայտարարել էր, որ դա կազմակերպված ու ծրագրված ահաբեկչություն է: