Հնդկական կողմը պատրաստակամ է շարունակել ծրագրերը ՀՀ այլ մարզերում
ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին: ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` հանդիպմանը քննարկվել են Հնդկաստանի կառավարության աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր: Ա. Գևորգյանը գոհունակություն է հայտնել, որ ուշադրություն է դարձվում նաև մարզերում և համայնքներում զարգացման ծրագրերի իրագործմանը:
Կողմերը մասնավորապես անդրադարձել են մարզերում որոշ ծրագրերի շարունակման, համայնքների զարգացմանն ուղղված փոքր ներդրումային ծրագրերի կյանքի կոչման հնարավորություններին: Նման ծրագրեր հնդկական կողմն իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ: Մասնավորապես, Հնդկաստանի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Լոռու մարզի Արծնի գյուղի միջնակարգ դպրոցը: Ավարտվել է Տավուշի մարզի 72 դպրոցներում համակարգչային դասարանների ստեղծման ծրագիրը, որի արդյունքում դպրոցներն ապահովվել են համակարգչային արդիական տեխնիկայով և գույքով:
Դեսպանը նշել է հնդկական կողմը պատրաստակամ է շարունակել նույն ծրագիրը մեկ այլ մարզում: Քննարկվում է նաև համայնքներում փոքր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունը, մասնավորապես, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ոլորտում:Ա. Գևորգյանը ողջունել է նման մտադրությունը:
Անդրադառնալով համակարգչային դասարանների ստեղծման ծրագրին` նա նկատել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է մարզերում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, ներկայումս համայնքներում կատարվում են էլեկտրոնային համակարգերի ներդրման աշխատանքներ, և հնդկական կողմի աջակցությամբ իրականացվող ծրագիրը համահունչ է այդ նպատակին: Ա. Գևորգյանը տեղական հումքով աշխատող փոքր արտադրությունների ստեղծմանն ուղղված ծրագրերը ևս կարևոր է համարել համայնքների զարգացման տեսանկյունից: Նա նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է նման նախագծերի իրականացմամբ և աջակցության պատրաստակամություն է հայտնել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա