Լևոն Ջանիբեկյան. Չի եղել մի դեպք, երբ «Արմավիան» կառավարությունից պատշաճ աջակցություն չստանա
«Արմավիա» ավիաընկերության սնանակացման մասին խոսելիս Հանրային խորհրդի օդային տրանսպորտի հաղորդակցության ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանը մեղադրում է նաև կառավարությանը, որ օգնության ձեռք չի մեկնել նեղության մեջ գտնվող ընկերությանը:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության իրավաբանական բաժնի պետ Լևոն Ջանիբեկյանը խնդրի առնչությամբ ասաց, որ պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորություններն ամբողջ ծավալով կատարվել են:
««Հայաստանի Հանրապետության կառավարության, Սիբիր ավիաուղիների և Արմավիայի միջև 2003 թվականի մարտի 14-ին կնքված «Արմավիա»-ին ֆինանսավորում տրամադրելու վերաբերյալ» ներդրումային պայմանագրի համաձայն և Հայաստանի Հանրապետության կառավարությունը և «Արմավիա» ավիաընկերությունը ստանձնել են երկուստեք իրավունքներ և պարտավորություններ: Ցանկանում ենք տեղեկացնել, որ մինչ օրս Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորություններն ամբողջ ծավալով կատարվել են»,-ասաց նա:
Վարչության պետի խոսքով, չի եղել որևէ դեպք, երբ «Արմավիա»-ն օգնության դիմումի դեպքում աջակցություն չստանա:
«Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության աջակցմանը, ապա անցած տասը տարիների ընթացքում չի եղել մի դեպք, երբ «Արմավիա»-ն որևէ աջակցության հարցով դիմած լինի Հայաստանի Հանրապետության կառավարությանը և պատշաճ աջակցություն չստանա»,-նշեց Լ. Ջանիբեկյանը:
Նրա խոսքով, նույնիսկ շատ դեպքերում նշված հարցերը եղել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության գործառույթներից դուրս, սակայն վարչությունը նախաձեռնություն է ցուցաբերել այդ խնդիրների լուծմանն աջակցելու ուղղությամբ:
«Վերջին օրինակը «Արմավիա»-ի կողմից վաճառված տոմսերով ուղևորներին այլ ավիաընկերություններով փոխադրելու համար ձեռնարկված քայլերն են:
ՀՀ Կառավարության աջակցությունը չի սահմանափակվել միայն «Արմավիա»-ի դիմումով, այլ նաև բոլոր միջկառավարական, միջպետական քննարկումների ժամանակ առաջնային պլանում են եղել մեր՝ հայկական ավիափոխադրողների շահերը: Ավիացիոն դաշտում ստեղծված մրցակցությունը, որը մատնանշվում է մամուլում, ստեղծվել է «Արմավիա»-ի խնդրանքով՝ իրենց կոմերցիոն վերլուծությունների արդյունքում: Կարծում ենք բարձրացված թեզը սխալ է և նման մտքեր արտահայտելիս առաջարկում ենք ուսումնասիրել ու ծանոթանալ վերջին տասը տարիների պատմությանը»,-ասաց նա:
Նախորդող հրապակումներ`
«Արմավիան»` օդից կախ
Իզաբելա Մուրադյան. «Արմավիա»-ի սնանկացումը ոլորտի չկարգավորված լինելու հետևանք է
«Արմավիա». Ինչո՞ւ սնանկացավ, ի՞նչ պետք է անել
«Արմավիան» պատրաստվում է դատարան դիմել