Խ. Հարությունյան. Րաֆֆի Հովհաննիսյանը բաց թողեց բացառիկ քաղաքական հնարավորությունը
«Հետընտրական շրջանում ձևավորվել էր բացառիկ քաղաքական հնարավորություն ձևավորել իշխանությանը ադեկվատ և լուրջ հակակշիռ ներկայացնող ընդդիմություն: Նախագահական ընտրությունների ամենագլխավոր քաղաքական արդյունքներից մեկն այն էր, որ ստեղծվեց ինստիտուցիոնալ առումով ընդդիմության ձևավորման ռեալ քաղաքական նախադրյալ: Սակայն այդ հնարավորությունը բաց թողնվեց»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հետընտրական զարգացումներին, նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:
Նրա դիտարկմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանի պատմական և քաղաքական առաքելությունը ոչ այնքան իշխանական բարձրունքները գրոհելը պետք է լիներ, որքան 540 հազար ընտրազանգվածը լուրջ քաղաքական կապիտալի վերածելը:
«Ես այդ մասին ասել եմ նաև Րաֆֆի Հովհաննիսյանին, որ պարզապես հարկավոր էր, նույնիսկ չընդունելով ընտրությունների արդյունքները, հաշվի նստել իրականության հետ և իշխանություններին սկսել բանակցություններ, թե ինչ հավելյալ լծակներ տրամադրվեր ընդդիմությանը, որպեսզի նա վերածվի ոչ թե հայհոյողի, փողոցներում աղմուկ բարձրացնողի, այլ իշխանությանը զգացնել տվող լուրջ կառույցի»,- ասաց բանախոսը:
Նա նկատեց, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրազանգվածի մի զգալի հատված հիասթափություն է ապրում և այժմ տեղի է ունենում ընտրազանգվածի վերակողմնորոշում, քանի որ Երևանի ավագանու ընտրությունների շրջանակներում ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն ակտիվորեն մասնակցում են քաղաքական գործընթացներին:
Դիտարկմանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես էր եկել երկխոսության առաջարկներով և արդյոք իշխանություննե՞րը չմերժեցին այդ առաջարկը, Խ. Հարությունյանը հակադարձեց պատասխան հարցով՝ «Մենք խոսում ենք լո՞ւրջ քաղաքականության մասին»:
«Լուրջ քաղաքականությունը զբոսայգում նստել բանակցե՞լն է: Ես Րաֆֆի Հովհաննիսյանին ասել եմ բառացիորեն հետևյալը: Դուք պետք է հանդիպեք հանրապետության նախագահի հետ և պայմանավորվեք բանակցային պրոցես սկսելու մասին: Մեկ-երկու հանդիպումը դեռ բանակցություն չէ»,- ասաց բանախոսը:
Նա մանրամասն անդրադարձավ Ր. Հովհաննիսյանի առաջարկներին և ընդգծեց, որ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների համար թե՛ իրավական, թե՛ քաղաքական նախադրալյներ չեն եղել, իսկ պաշտոններ ստանալու հարցը նշանակում է ստանձնել նաև քաղաքական պատասխանատվություն, ինչն իր հերթին նշանակում է դառնալ կառավարող կոալիցիայի մաս:
«Հանրապետության նախագահը չի մերժել բանակցությունները: Ավելին, նա շատ պարզ առաջարկեց՝ ասելով դուրս արի հացադուլից, որը ի դեպ մենք պարզեցինք, որ հացադուլ չէ, ծոմապահություն է, որից ինքս հիասթափված եմ, քանի որ ես մոտեցել եմ հացադուլ հայտարարած քաղաքական գործչին, այլ ոչ թե ծոմ պահող քաղաքացուն, բայց մի պահ պատկերացնենք, որ հացադուլ էր, նախագահը առաջարկեց դուրս արի այդ վիճակից, նստենք, թուղթ ու գրիչով աշխատենք: Առաջարկն այլ կերպ ինչպե՞ս է լինում»,- ասաց Խ. Հարությունյանը:
Անդրադառնալով ապրիլի 9-ին Ազատության հրապարակում և Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին, Խ. Հարությունյանը նկատեց, որ կարծես թե և՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունը սերտել են անցյալի դասերը: