Ս. Սուրենյանց. Մոտակա տարիներին իշխանափոխություն չի սպասվում
ՀԱԿԿ հիմնադիր համագումարում Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսեց Հայաստանում բուրժուադեմոկրատական հեղափոխության իրականացման անհրաժեշտության մասին:
Panorama.am-ը Հայաստանում բուրժուադեմոկրատական հեղափոխության և դրա անհրաժեշտության մասին զրուցեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ:
Քաղաքագետը անդրադառնալով Հայաստանում բուրժուադեմոկրատական հեղափոխության իրականացման հնարավորությանը նշեց, որ ինքը ձեռնպահ կմնա բուրժուադեմոկրատական և այդ տիպի որակումներից, քանի որ դրանք վիճահարույց են և գիտությունը անընդհատ զարգացման մեջ է, իսկ այսօր օգտագործվում են մի քիչ այլ հասկացողություններ:
«Ես կարծում եմ, որ Հայաստանում գոյություն ունի քրեաօլիգարխիկ կապիտալիզմ, որը խոչընդոտում է երկրի զարգացմանը և այդ քրեաօլիգարխիկ կապիտալիզմը պետք է փոխակերպվի լիբերալ-դեմոկրատական կապիտալիզմով, որը ենթադրում է մրցակցություն թե քաղաքական համակարգում, թե ազատ շուկայի գոյություն»,-ասաց քաղաքագետը:
Ս. Սուրենյանցը նշեց, որ այդ փոխակերպումը իրականացնելու համար պետք չէ նոր հեծանիվ հորինել, այլ այդ փոխակերպման իրականացման համար գոյություն ունի 2 ճանապարհ. Առաջինը` իշխանափոխությունն է, սակայն պետք է լինել իրատես և մոտակա տարիներին Հայաստանին նման հեռանկար չի սպասվում:
«Երկրորդը այն է, որ իշխանությունը կամ նախագահը ինքը նախաձեռնում է բարեփոխումներ և ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ շրջանում նման հնարավորություն կա»,-ասաց բանախոսը:
Ըստ նրա, Հայաստանը ԵՄ-ի հետ կնքելու է ասոցացման պայմանագիր, փաստաթուղթ, որը որոշակի հետևանք է բերելու նաև Հայաստանի ներքին հարաբերությունների վրա և Հայաստանը ուզի թե չուզի պարտավոր կլինի իրականացնել որոշակի բարեփոխումներ:
«Սերժ Սարգսյանը ինքը հասկանում է, որ այս համակարգը սպառել է իրեն և այս համակարգով երկրի զարգացում բանաձևել հնարավոր չէ»,-նշեց նա:
Ս. Սուրենյանցը հավելեց, որ ինքը բացառում է իշխանափոխությունը մոտակա ժամանակներում և հույս հայտնեց, որ իշխանությունը ինքը` նախագահի գլխավորությամբ, կարող է գնալ բարեփոխումների: