Տ.Ուրիխանյան. Եկեք վերջ տանք քաղաքական շահարկումներին
«ԲՀԿ-ն, ի հեճուկս մեր մրցակիցների բոլոր անտրամաբանական հայտարարությունների, երբևէ չի մասնակցել նախագահական ընտրությունների ու թեկնածու չի առաջադրել, սակայն դա չի խանգարել, որ խորհրդարանական ընտրություններում նման վստահության քվե ստանանք»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Երևանի ավագանիում ԲՀԿ խմբակցության կազմը 90 տոկոսով փոխվել է և սա, ըստ Տ.Ուրիխանյանի, մասամբ պատասխան է այն քննադատության, թե ԲՀԿ-ն անցած տարիներին կողմ է քվեարկել ՀՀԿ ներկայացրած օրինագծերին: Իսկ խնդիրները, թե ինչո՞ւ է ԲՀԿ-ն փորձում ստանձնել քաղաքի կառավարումը շատ-շատ են. «Թափառող շներ, բազմաբնակարան շենքերի վրա լուսավորության համար տրամադրվող ծախսեր, ինչ-որ զուգարաններ, խայտառակ վիճակում գտնվող գետնանցումներ…. Մենք սրտացավ մոտեցում ենք առաջարկում քաղաքի կառավարմանը, և եկեք վերջ տանք քաղաքական շահարկումներին»,- նշեց նա ու հավելեց, որ երևանյան խնդիրներն այնքան շատ ու բազմազան են, որ բոլոր բակերում ու համայնքներում ասելիք կա ժողովրդին:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն կտրվել է ՀՀԿ-ից, բանախոսը ընդգծեց` թե կուսակցությունը, թե հատկապես կուսակցության առաջնորդը երբևէ որևէ կուսակցության հետ անքակտելի կապով կապված չի եղել, ինչը կխանգարի վարել սեփական քաղաքականությունը:
ԲՀԿ-ականը, գնահատելով քարոզարշավի մեկնարկը, նշեց, որ այն բավարար է: