
Ա.Գնդոյանից բացի, ոչ ոք չի կարող խնդիր լուծել «Սևան ազգային պարկ»-ում
«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ն այս պահին տնօրեն չունի։ 65-ամյա Աշոտ Գնդոյանը, ազատվելով ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից, նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար։ Ավելին, այնտեղ ավելացել է ևս մեկ աշխատանքային հաստիք՝ առաջին տեղակալ, որն էլ կատարում է տնօրենի պարտականությունները։ «Ժողովուրդ»-ը գրում է, որ անգամ այդ կարգավիճակում Գնդոյանը կադրային փոփոխություններ է իրականացրել։ ՊՈԱԿ-ի պահպանության գծով տնօրենի տեղակալ Կարեն Մալխասյանին ազատել է աշխատանքից` նրա փոխարեն նշանակելով Սարգիս Մուրադյանին, իսկ Սևանի մասնաճյուղի տնօրեն Ռոբերտ Մալխասյանին նշանակել է ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի ավագ տեսուչ»:
Քանի որ Գնդոյանը թերթի թղթակցի հետ չի ցանկացել զրուցել, թերթը ՊՈԱԿ-ի գիտական գծով տեղակալ Վահե Գուլանյանից փորձել է պարզել, թե ինչ է կատարվում պարկում։ «Գնդոյանից բացի, ոչ ոք չի կարող խնդիր լուծել։ Ո՞վ կարող է փոխարինել նրան։ Այս պահին պատրաստված մարդ չկա։ Չեք պատկերացնում, թե ինչքան շատ են ՊՈԱԿ-ի խնդիրները»,-նշել է վերջինս: