Ոստիկանությունը`Նազարյանի պաշտոնանկության մասին. Սկզբունքային է ծառայության և բիզնեսի համատեղման բացառումը
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի աշխատանքից ազատելու վերաբերյալ մամուլում տարածված վարկածների վերաբերյալ հանդես է եկել պարզաբանմամբ:
«Ինչ վերաբերում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելուն, ինչը այս օրերին լայնորեն քննարկվում է զանգվածային լրատվամիջոցներում, ապա ասենք, որ դա աշխատանքային մոտեցում է և լիովին տեղավորվում է ոստիկանության բարեփոխումների տրամաբանության և կադրային քաղաքականության շրջանակներում:
Ոստիկանության համար սկզբունքային է ծառայության և բիզնեսի համատեղման բացառումը, այսպես ասած՝ սերտաճումը հասարակության որոշակի շերտերի հետ, ինչը անխուսափելի է նույն տեղում տևական աշխատանքի դեպքում ու բացասաբար է ազդում օպերատիվ իրավիճակի և ծառայողական գործունեության արդյունքների վրա:
Տվյալ դեպքում, մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երևան քաղաքի կայազորի աշխատանքի արդյունավետությունը նվազել է, ինչն անթույլատրելի է, և պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեին իրավիճակը շտկելու համար:
Ոստիկանությունը կարևորում է իր առաքելության լիարժեք իրականացումը, իսկ մնացածը անհիմն և անիմաստ խոսակցություններ են»,-ասված է ոստիկանության հայտարարության մեջ: