Զ. Փոստանջյան. Ավագանու ընտրություններում «Բարև դաշինքը» հաղթանակ է տանելու և մեծամասնություն է կազմելու
«Ես հարգում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, որ ինքն այլևս այն տարիքում է գտնվում, որ չի կարող զբաղվել ակտիվ քաղաքականությամբ»,- այսօր, անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի` ՀԱԿԿ համագումարի ժամանակ Ր. Հովհաննիսյանի ակցիաներին մասնակցելու վերաբերյալ հնչեցրած հայտարարությանը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:
Նրա կարծիքով` բացի Արցախյան պատերազմում տարած հաղթանակից, վերջին քսան տարիները եղել են ձախողման տարիներ. «Մենք ունեցել ենք 1 ու կես միլիոն քաղաքացիների արտագաղթ: Եվ այդ բուրգը հիմնադրել են Հայաստանի երեք նախագահները»:
Անդրադառնալով Ա. Վարդանյանի հայտարարությանը, թե` անհասկանալի էր Ր. Հովհաննիսյանի գործողությունները, մասնավորապես Վ. Գասպարյանի հետ երթով Ծիծեռնակաբերդ բարձրանալը, պատգամավորն ասաց. «Ափսոսում եմ, որ նման փորձառու քաղաքական գործիչը չի ընկալել: Մենք գործ ունեինք ահաբեկչական խմբավորման հետ և դու պետք է ահաբեկիչների հետ պատրաստ լինես գնալ այնպիսի գործողությունների, որպեսզի չվնասես այն մարդկանց, ովքեր այդ պահին կարող էին ահաբեկիչների զոհ դառնալ»:
Բանախոսը խոսեց նաև «Բարև դաշինքի» նախընտրական ծրագրերի մասին և ասաց. «Մեր առաջին նախընտրական հանրային միջոցառումը տեղի ունեցավ Պուշկին-Եկմալյան խաչմերուկում: Հիմա մենք բավականին ակտիվ գործունեության մեջ ենք` թե «Ժառանգությունը», թե «Բարև դաշինքը»»:
Զ. Փոստանջյանի համոզմամբ` ավագանու ընտրություններում «Բարև դաշինքը» հաղթանակ է տանելու և մեծամասնություն է կազմելու` «հնարավորություն ստանալով թելադրելու ժողովրդի շահը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան