Ա. Մինասյան. Արդյունավետ կլինի քաղաքապետի և բյուջեի կատարման վերահսկողությունը վերապահել ընդդիմությանը
«Երևանի բյուջեի զարգացման մեր առաջարկած սցենարը հետևյալն է: Մենք կանխատեսում ենք, որ բյուջեն մինչև 400 մլրդ դրամի առաջիկա չորս տարիներին հնարավոր է հասցնել, եթե հիմնական խնդիր դրվի, որ հնարավորինս կախվածությունը կառավարությունից կամ կենտրոնական ֆինանսավորումից թուլանա»,- այսօր, Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Երևան քաղաքի բյուջե. խնդիրները և լուծումներն ըստ թեկնածուների» խորագրով քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
Նրա կարծիքով` հնարավոր է հասնել այն բանին, որ Երևանի բյուջեի 75 տոկոսը ստեղծի Երևանը, իսկ կենտրոնական բյուջեից ստացվի միայն 25 տոկոսը:
Ա. Մինասյանը Երևանի բյուջեն ավելացնելու կարևոր աղբյուր է դիտում բիզնես ծրագրերը, որոնցում Երևանը հանդես կգա նաև որպես բաժնետեր:
Բանախոսը կարևորեց Քաղաքապետի և բյուջեի կատարման նկատմամբ ավագանու վերահսկողություն իրականացնելու գործառույթը և նշեց. «Մենք առաջարկում ենք կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով վերահսկողության գործառույթը վերապահել ընդդիմադիր ուժերին»:
Նա ընդգծեց նաև ինչպես սոցիոլոգիական հարցումների, քննարկումների կազմակերպման, քաղաքացիների տեսակետները ստանալու կարևորությունը, այնպես էլ տեղական հանրաքվեի ինստիտուտի անմիջական գործադրումը, առանց որի, ըստ բանախոսի, հնարավոր չէ տեղական իշխանությունն ամբողջությամբ իրացնել:
«Մենք հանրության կարծիքը չունենք, քաղաքապետարանն էլ չունի: Տեղական հանրաքվեի ինստիտուտը, որպես կարևորագույն անմիջական ժողովրդավարական մասնակցության գործընթաց, այսօր չի գործադրվում և դա մեր ծրագրի կարևորագույն դրույթներից մեկն է»,- հավելեց բանախոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա