Քաղաքացին ե՞րբ կշնչի ազատ. Զուրաբյանը ներկայացրել է ընտրություններում ՀԱԿ-ի անելիքը
Երևան քաղաքում ավագանու ընտրությունների ժամանակ ընդդիմության հաղթանակը կլուծի մի քանի խնդիր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայ Ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ու թվարկեց դրանք: Նախ ըստ Զուրաբյանի, «կկազմաքանդի ռեժիմը», դիրքերը կթուլանան ու «մենք կապրենք ազատ», այնուհետև ընդդիմության հաղթանակը հնարավորություն կտա Հայաստանում իշխանությունը վերադարձնել քաղաքացուն:
Շարունակելով թվարկել ընդդիմության հաղթանակի դեպքում լուծվելիք խնդիրները, Զուրաբյանն ասաց, որ կառավարման համակարգում հակակշիռների համակարգ կստեղծվի, որը էլի ժողովրդի օգտին կլինի, կնվազի կոռուպցիան, քաղաքական պայքարը կտեղափոխվի մրցակցային դաշտ, և իշխանությունն ու ընդդիմությունը կսկսեն խոսել փաստերով: «Այս ստեղծվելիք նոր համակարգում ավելի ազատ կշնչի քաղաքացին», -ներկայացնելով ՀԱԿ ծրագիրը հայտարարեց Զուրաբյանը:
Նա տեղեկացրեց, որ առաջիկայում Կոնգրեսը կսկսի ակտիվ քարոզարշավը, որի շրջանակներում նախատեսվում են բակային փոքր հանրահավաք-հանդիպումներ, իսկ ապրիլի 30-ին Ազատության հրապարակում կկազմակերպեն համապետական հանրահավաք:
Նշեց, որ Դաշնակցություն և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հետ «բազմաթիվ կոնտակտներ ունեն», բանակցել են նաև «Ժառանգության» հետ: «Այս պահին պրոցեսի մեջ ենք, քննարկում ենք համագործակցության ձևերը, մի բան ընդունելի է բոլորի համար, դա այն է, որ ընտրություններում մենք պետք է միասնաբար պահենք ժողովրդի ձայնը», -հավելեց Զուրաբյանը:
Ընտրություններին մասնակցող ոչ իշխանական ուժերի միջև, ինչպես Զուրաբյանն ասաց, որոշ բացառություններով, մեկ ընդհանուր փոխհամաձայնության են եկել` քննադատության թիրախ դարձնել բացառապես իշխանությանը: Զուրաբյանի խոսքով, քարոզարշավի ընթացքում, և ընդհանրապես, Կոնգրեսի քննադատության թիրախը լինելու է միայն ու միայն իշխանությունը և նրանց թեկնածուն` Տարոն Մարգարյանը:
«Եվ երրորդը, որի շուրջ համաձայնություն ունենք, այն է, որ եթե Հանրապետականը չհավաքի 40 տոկոսը, մենք կարող ենք կոալիցիա կազմել և միասնաբար քաղաքապետարանը հետ վերցնենք նրանց ձեռքից: Սա կա, այս բանակցությունները գնում են, և երբ ավելին ունենանք ասելու, կասենք», -հայտարարեց ՀԱԿ փոխնախագահը:
Մայիսի 9-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ ընտրական ցուցակը գլխավորում է Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան