Forbes. 3 հայ` Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցուցակում
Ռուսական Forbes վարկանիշային ամսագիրը հրապարակել է 2013 թ-ի Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցուցակը: Այս մասին է հաղորդում Forbes.ru պաշտոնական կայքը:
Forbes-ի վարկանիշային աղյուսակում տեղ են գտել երեք հայ գործարարներ. 29-րդ հորիզոնականն է զբաղեցրել «Տաշիր» ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը, որի կարողությունը կազմում է 3.8 միլիարդ դոլար: Աղբյուրը հիշեցնում է, որ 2012թ.-ին «Տաշիր» ընկերության եկամուտը կազմում էր 720 մլն դոլար:
Վարկանիշային աղյուսակի 143-րդ հորիզոնականն է զբաղեցրել Wooden Fish Agency դիտորդական խորհրդի տնօրեն Ալբերտ Ավդոլյանը՝ 0.7 միլիարդ դոլար կարողությամբ: Նա Ռուսաստանում Telconet ընկերության ներկայացուցիչն է, որի հիմնադրամի միջոցով տիրապետում է «Мегафона», «Скартела», ինչպես նաև «Евросети»-ի բաժնետոմսերին: Վարկանիշային աղյուսակում 193-րդ հորիզոնականն է զբաղեցրել Sberbank CIB կորպորատիվ-ներդրումային բիզնեսի համաղեկավար Ռուբեն Վարդանյանը՝ 0.5 միլիարդ դոլար կարողությամբ:
Նշենք, որ 2013թ. Forbes-ի վարկանիշային աղյուսակը, ինչպես և նախորդ տարի, այս տարի ևս գլխավորում է «Մետալոինվեստ» հոլդինգի սեփականատեր Ալիշեր Ուսմանովը՝ 17.6 միլիարդ դոլար կարողությամբ: