Մասիսի ԲԿ-ի ղեկավարը Ցոլակի մահվան մեջ բժշկի մեղքը չի տեսնում. Նոր մանրամասներ երիտասարդի հանկարծակի մահվան փաստով
Մասիսի բժշկական կենտրոնում 27-ամյա Ցոլակ Մկրտչյանի մահը ցնցել է բոլորին. Ցոլակի հարազատներն ու նրանց ընտանիքի փաստաբան Ինեսա Պետրոսյանը մեղադրում են հիվանդանոցի վիրաբույժին, սակայն գլխավոր բժիշկը իր գործընկերոջ մեղքը չի տեսնում ու պաշտպանում է նրան:
Ռուսաստան գնալու նախորդ օրը, ապրիլի 2-ին, Ցոլակը որովայնի շրջանում ցավեր է զգում և երբ ցավերն ուժեղանում են, իսկ ինքն էլ դեղորայքից ալերգիա ունի, դիմում են Մասիսի բժշկական կենտրոն: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Ցոլակ Մկրտչյանի ընտանիքի փաստաբան Ինեսա Պետրոսյանը պատմեց, որ հիվանդանոցում Ցոլակին և նրա մորն ու հորը ընդունել է բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Գևորգ Գրիգորյանը, ձեռքերով շոշափել որովայնի ու մեջքի հատվածները, ասել, որ սննդի օգտագործման հետ կապված աղիքային խնդիր է առաջացել, վիրաբուժական միջամտության կարիք չկա և «Պապավերին» դեղամիջոցի միջմկանային ներարկում է կատարել:
Տիկին Պետրոսյանն ընդգծեց, որ և ծնողները, և ինքը՝ Ցոլակը, բժշկին զգուշացրել են, որ հիվանդը դեղորայքից ալերգիա ունի:
Դրանից հետո, փաստաբանի պատմելով, Ցոլակը լավ է զգում, ծնողների հետ վերադառնում է տուն, զբաղվում գործերով՝ պատրաստվում Ռուսաստան մեկնելու համար: Սակայն գիշերը դարձյալ վատ է զգում, կնոջն ու երեխաներին թողնում տանն ու իր սեփական մեքենայով գնում է հիվանդանոց: «Որոշ ժամանակ անց կինը զանգահարել է, Ցոլակը չի վերցրել, ենթադրել է, որ բժիշկների մոտ է ու չի կարող խոսել: Սակայն քիչ անց էլի է զանգել ու ոչ մի զանգի չի պատասխանել: Այնուհետև զանգել է Ցոլակի եղբորը, և նա գնացել է Մասիսի հիվանդանոց, որտեղ Ցոլակը եղել է վերակենդանացման բաժանմունքում՝ ամբողջովին այտուցված ու մարմնի որոշ հատվածներում սևացած», -պատմեց փաստաբանը: Այդ օրը ժամը 5:30-ի սահմաններում երիտասարդ Ցոլակ Մկրտչյանը մահանում է:
Հետո, ըստ փաստաբանի, հայտնի է դառնում, որ գիշերը, երբ Ցոլակը գնում է բժշկի, վիրաբուժական բաժնի վարիչ Գևորգ Գրիգորյանը «Բարալգետաքս» կոչվող դեղամիջոցն է ներարկել. այս անգամ նրան միջերակային սրսկում են կատարել:
Ոստիկանության Մասիսի բաժանմունքում քննիչ Սամվել Աբրահամյանի կողմից կատարվածի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքներն առայժմ հայտնի չեն:
«Սա բժիշկների ակնհայտ թերությունն է: Առայժմ քրեական գործ հարուցված չէ, և բժիշկը շարունակում է աշխատել: Ակնհայտ է, որ նրա մոտ մահը ալերգիայի պատճառով է եղել, սակայն մահվան վկայականի մեջ նշվում է, որ Ցոլակը մահացել է սրտի պսակաձև անոթներում արյան շրջանառության խանգարման հետևանքով», -ասաց փաստաբանը:
Մասիսի բժշկական կենտրոնի ղեկավար Անատոլի Գրիգորյանը գիտի՝ ինչ է կատարվել իր ղեկավարած բուժհիմնարկում, սակայն համաձայն չէ փաստաբանի այն պնդմանը, որ բժիշկը նախապես իմացել է, որ հիվանդը ալերգիա ունի, բայց ներարկում է կատարել: «Ոչ, իմ տվյալներով այդպես չի եղել. անկետայում նկարագրված է, որ բժիշկը երկու անգամ հարցրել է հիվանդն ալերգիա ունի՞ թե ոչ, սակայն չեն ասել որևէ բան: Բժիշկն առաջին հերթին հիվանդին հարցնում է՝ ալերգիա ունի՞ թե ոչ: Ոնց կարո՞ղ է՝ բժիշկն իմանա ալերգիա ունի ու սրսկում կատարի», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Անատոլի Գրիգորյանը՝ նկատելով, որ այս պահին, քանի դեռ հայտնի չէ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որևէ հստակ բան չեն կարող ասել:
Գլխավոր բժիշկը ոչ մի կերպ չի ընդունում, որ վիրաբույժը կարող է մեղավոր լինել, երբ հիվանդի մոտ անաֆիլակտիկ շոկ (մարմնի սուր ալերգիկ ռեակցիա) է առաջացել: «Կարող է 1 միլիգրամից էլ հիվանդի մոտ առաջանա անաֆիլակտիկ շոկ ու բժիշկը որևէ բան չկարողանա անել: Այդպիսի դեպք, օրինակ, Մոսկվայի կենտրոնական կլինիկայում էլ է եղել, երբ դիմեդրոլից հիվանդը մահացել է: Ալերգիան այնպիսի բան է, որ ոչ մեկս չենք կարող կանխատեսել: Հակաշոկային բոլոր միջոցառումներն այդ դեպքում արվել են, բայց փաստորեն ոչինչ չի օգնել», -ներկայացրեց գլխավոր բժիշկը: Նա տեղեկացրեց, որ «Բարալգետաքս» դեղամիջոցն ուղարկվել է դեղգործակալություն՝ ստուգման, որի արդյունքներն առայժմ չեն ստացվել:
Հարազատների կողմից երիտասարդ տղայի մահվան մեջ մեղադրվող բժիշկը, Մասիսի բժշկական կենտրոնի պատասխանատուի խոսքով, արցախյան ազատամարտի մասնակից է, պատերազմի ժամանակ անգամ գերի է ընկել, իսկ Մասիսի ԲԿ տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոնից: «Որպես վիրաբույժ, որպես բաժանմունքի վարիչ շատ լավ վիրահատություններ է անում: Շատ լավ ու շատ համեստ մարդ է»,- ասաց գլխավոր բժիշկը:
Հասմիկ Համբարձումյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները