Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է. Տասնյակ միջոցառումներ` Երևանում և մարզերում
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Այս յուրահատուկ օրը հնարավորություն է ընձեռում բարձրացնելու հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված ջանքերի վերաբերյալ: Յուրաքանչյուր տարի ԻԿՕՄՕՍ-ի կողմից առաջադրվում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա, ինչը հնարավորություն է տալիս շեշտելու համաշխարհային ժառանգության բազմազանությունը: 2013 թ. համար ԻԿՕՄՕՍ-ն առաջարկել է ապրիլի 18-ը նշել «Կրթության ժառանգությունը» խորագրի ներքո` կոչ անելով հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակներում անդրադառնալ ժառանգության այն բոլոր տեսակներին, որոնք առնչվում են կրթությանը:
ՀՀ մշակույթի նախարարությունը համապատասխան շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ այսօր իրականացնելու է առաջարկված «Կրթության ժառանգությունը» խորագրով միջոցառումներ, որոնց միջոցով մեկ անգամ ևս հնարավորություն կստեղծվի հանրությանը հաղորդակից դարձնելու Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող կրթօջախներին:
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումներ անցկացվելու են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում` ցուցահանդեսներ, բաց դասեր, սեմինարներ, դասախոսություններ, ՀՀ մշակույթի, պաշտպանության և կրթության նախարարությունների հետ համատեղ օրվա ընթացքում կազմակերպվելու են հուշարձանների տարածքների մաքրում, անցյկացվելու: Միջոցառումների ծրագրին կարելի է ծանոթանալ` այստեղ: