Ս. Ղոնախչյան. Երևանի բյուջեի կատարմանը պետք է քաղաքական գնահատական տալ
«Մեր ծրագրում խոսվում է բյուջեի ավելի արդյունավետ վերահսկողության մեխանիզմների ներդրման մասին: Բյուջեի արդյունավետության հետ կապված մենք կարծում ենք, որ Երևանի բյուջեն պետք է ավելի շատ ծրագրային բյուջետավորման հիմունքների հիման վրա կազմված լինի: Վերջին հաշվով, երևանցին կկարողանա գնահատել բյուջեի ծախսման արդյունավետությունը»,- Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Երևան քաղաքի բյուջե. խնդիրները և լուծումներն ըստ թեկնածուների» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Բարև Երևան» դաշինքի անդամ Սիմոն Ղոնախչյանը:
«Երևանում խոսվում էր, որ տրանսպորտային նոր ցանց պետք է լինի: Այդ ցանցը եղավ, բայց դա որքանո՞վ է արդյունավետ, որևէ բան փոխվե՞ց, թե` ոչ, լավացա՞վ, թե` ոչ, երևանցին գո՞հ է, թե` ոչ: Կան բազմաթիվ ծրագրեր, որոնց արդյունավետության գնահատման մեխանիզմները չկան»,- հավելեց բանախոսը:
Բացի նշված խնդրից, նա նաև շատ կարևորեց ավագանու կողմից բյուջեի կաարմանը քաղաքական գնահատականներ տալը. «Օրինակ` 2012 թվականի բյուջեն չի կատարվել, թերակատարվել է: Սրա քաղաքական գնահատականը չկա»:
Ս. Ղոնախչյանի կարծիքով` ավագանու քննարկումներում պետք է մասնակից դառնա նաև հասարակությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա