Թուրք վերլուծաբան. «Լսողներն էլ կկարծեն, թե Թուրքիայում հայ բառը հայհոյանք չի»
Բոլորովին վերջերս թուրք հայտնի դաշնակահար Ֆազիլ Սայի նկատմամբ դատարանը կայացրել էր 10 ամսվա ազատազրկման վճիռ: Պատճառը սոցցանցերում հակաիսլամական գրառում կատարելն է եղել: Դաշնակահարի նկատմամբ առաջադրված մեղադրանքը ձևակերպվել է Թուրքիայի քրեական օրենսգրքի` կրոնական արժեքները ոտնահարելու մասին դրույթներով: Ֆազիլ Սայը նշել է, որ ինքը հալածվում է թուրք հասարակության կողմից այն բանից հետո, երբ հայտարարել է, թե աթեիստ է:
Թուրքական «Hurriyet» օրաթերթի հայտնի սյունակագիր Ահմեթ Հաքանն անդրադարձել է այդ թեմային: Նա քննադատական ծաղրի է ենթարկել թուրքական պետության` իբր կրոնական, ազգային ու մշակութային արժեքների պաշտպան լինելու իմիտացիան: Վերլուծաբանը նկատել է տալիս հետևյալը.
«Լսողներն էլ կկարծեն, թե մեր երկրում
- Հավատացյալների հանդեպ հարգանքը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա:
- «Հայ» բառը չեն կիրառում որպես հայհոյանք:
- Աթեիստներին արհամարահանքով ու նսեմաբար չեն վերաբերվում:
- «Սրանք զրադաշտ են» արտահայտությունն օգտագործելով բոլորովին չեն նսեմացնում զրադաշտականությունը
- Մի հսկայական քաղաքի գյավուր անունով որակողներին տեղը տեղին ամոթանք են տալիս
- Ամեն գաղափարախոսության, ամեն հավատքի, ամեն արժեքի հանդեպ հարգանք է ցուցաբերվում»:
Իրականում, իհարկե, Թուրքիայում արժեզրկվում են շատ բաներ, որոնց մասին դատարանները լռում են: Ու ըստ հոդվածագրի` այնպես չէ, որ Թուրքիայում բոլորը ծայրաստիճան քաղաքավարի, բարեկիրթ ու հանդուրժող են և միայն դաշնակահար Ֆազիլն է կոպիտ գտնվել ու ոտնահարել այլոց կրոնական արժեքները:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին