Արխիվի տնօրեն. Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իրանի արխիվներում որևէ աշխատանք չի կատարվել
Վերջին տարիներին Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթերն ուսումնասիրելու նպատակով Հայաստանի ազգային արխիվ երեք թուրք պատմաբան է այցելել: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց Արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, շեշտելով, որ այն բաց է բոլորի համար: «Տարվա ընթացքում արխիվներին ծանոթանում է այլազգի շուրջ 10 պատմաբան», - նշեց նա: Բանախոսը նաև ընդգծեց, որ Ազգային արխիվը պատրաստ է համագործակցել նաև այլ երկրների արխիվների հետ՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերի ձեռքբերման ուղղությամբ:
Միաժամանակ նա ցավով արձագանքնեց, որ Վրաստանի, Ուկրաինայի և Բուլղարիայի արխիվներն այնքան էլ պատրաստակամ չեն աջակցել այդ գործում: Ըստ պատմաբանի՝ դեռ խնդրահարույց է նաև Իրանի արխիվներում աշխատանքը: «Մինչ օրս Իրանի արխիվներում որևէ աշխատանք չի կատարվել, թեև Իրանը Առաջին աշխարհամարտի տարիներին դեսպանատուն ուներ Ստամբուլում, իսկ հյուպատոսություններ՝ Արևմտյան Հայաստանում: Բայց մենք նույնիսկ չենք էլ դիմել: Դա մեր մեղավորությունն է, քանի որ չունենք պարսկերենի փորձառու մասնագետներ, որոնք կկարողանան աշխատել ձեռագրերի հետ», - ասաց նա:
Նույն խնդիրը, ըստ պատմաբանի՝ առկա է նաև օսմաներենի հարցում: «Եթե մի օր բացեն թուրքական որոշ արխիվներ, ապա դա կլինի մեր համար խնդրահարույց, քանի որ մենք չունենք օսմանագետներ, իսկ նրանք, ովքեր մասնագիտանում են այդ ուղղությամբ, ծանոթ են միայն տպագիր օսմաներենի», - ասաց Ա.Վիրաբյանը, դժգոհելով, որ պատշաճ ուշադրություն չի դարձվում երիտասարդ արևելագետների համապատասխան պատրաստմանը:
Նախորդող` Ցեղասպանության զոհերի անունների էլեկտրոնային շտեմարան կստեղծվի
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում