Ցեղասպանության զոհերի անունների էլեկտրոնային շտեմարան կստեղծվի
Հայաստանի ազգային արխիվը մինչև 2015 թվականը կհրապարակի Հայոց ցեղասպանության վերաբերյալ պահվող շուրջ 12 հազար փաստաթղթերն ու 29 հազար գրությունները, որոնք նախկինում չեն կիրառվել: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց Արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Ըստ բանախոսի՝ դրանք հիմնականում ցեղասպանությունից վերապրածների վկայություններն են, աշխարհի տարբեր երկրների արխիվներից պեղված արխիվային նյութեր, տեղեկություններ որբ մնացածների և նրանց ծնողների մասին:
«Այդ փաստաթղթերի մեծ մասն արված է դեռ Մեծ եղեռնի տարիներին՝ 1916 թվականին Արևմտյան Հայաստանում և ամենաստույգ տեղեկություններն են», - ասաց նա, ցավով նշելով, որ 1960-ական թվականներից, երբ սկսեցին հրատարակվել Ցեղասպանության վերաբերյալ վկայություններն ու աշխատությունները, պատմական այս փաստաթղթերը անտեսվեցին: Արխիվի տնօրենի խոսքով՝ փաստաթղթերը կրրապարակվեն նաև համացանցում՝ թե լուսանկարների տեսքով և թե՝ հավաքված, որպեսզի հստակ լինի ձեռագրերի բովանդակությունը:
«Մենք պատրաստվում ենք էլեկտրոնային տարբերակով տեղադրել փաստաթղթերի լուսանկարներ, նաև դրանց տեքստերը էլեկտրոնային տարբերակով, քանի որ հաճախ փաստաթղթերում առկա ձեռագրերը մեծ դժվարությամբ են ընթերցվում», - նշեց նա:
Ըստ բանախոսի՝ Ցեղասպանությունից վերապրածների վկայություններով երեք հատոր արդեն հրատարակվել է, և առաջիկայում կհրատարակվեն չորրորդ և հինգերորդ հատորները: Ա.Վիրաբյանի խոսքով՝ մինչև 2015 թիվը գրքերը թարգմանված կլինեն անգլերեն և թուրքերեն:
Պատմաբանը խիստ կարևորեց, որ հրատարակված գրքերում նկարագրվում են նաև Անդրկովկասում 1918 թվականին թուրք-թաթարական հրոսակների կողմից հայերի կոտորածները: «Այստեղ կան վկայություններ, թե 1918 թվականի մայիսից հոկտեմբեր թուրքական կանոնավոր բանակի և ադրբեջանցիների կողմից ինչպիսի կոտորածների են ենթարկվել հայերը Ելիզավետպոլի նահանգում, Բաքվում, Շեմախիում, այլ քաղաքներում: Սա Հայոց ցեղասպանության անբաժանելի մասն է, որը թուրքերի հետ իրագործել են նաև նորաստեղծ Ադրբեջանի ղեկավարները», - ասաց Արխիվի տնօրենը:
Ամատունի Վիրաբյանը նաև հայտնեց, որ այս նյութերի հիման վրա պատրաստվում են ստեղծել Ցեղասպանության զոհերի անունների էլեկտրոնային շտեմարան:
«Այս նախաձեռնությունը մի փոքր ուշացած է, քանի որ այն սերնդի մարդիկ, ովքեր կարող էին ինֆորմացիա տալ, արդեն չկան: Իսկ ահա նրանց ժառանգները փոքր են եղել այդ ժամանակ: Այնուամենայնիվ, մենք փորձելու ենք եղած գրականության, թերթերի, հուշերի, առկա ցուցակների միջոցով ամբողջացնել տվյալները»,- ասաց նա, տեղեկացնելով, որ արդեն հավաքագրել են 10 հազար անուն, իսկ ընդհանուր առմամբ նախատեսվում է թիվը հասցնել 150-200 հազարի: Նա շեշտեց, որ Ազգային արխիվը նախատեսում է կատարել նաև Հայոց ցեղասպանության տարիներին ժողովրդի կրած նյութական կորուստների ճշգրտում:
Ըստ բանախոսի՝ բացի փաստաթղթերի հրապարակումից, արխիվի կողմից աշխատանքներ են տարվում Ցեղասպանությունը վերապրածների ժառանգներին տեսագրելու ուղղությամբ:
«Այլևս Ցեղասպանություն տեսած մարդիկ չկան, բայց կա Ցեղասպանության երկրորդ սերունդը, նրանց ժառանգները` մոտ 70 տարեկան անձինք, ովքեր իրենց ծնողներից լսել են ցեղասպանության մասին, և ազգային արխիվն արդեն 200 ժամ տեսագրություն ունի նրանց վկայություններից»,- ասաց նա, տեղեկացնելով, որ 2015 թվականին այդ նյութերի հիման վրա ամբողջական վավերագրական ֆիլմ կստեղծվի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները