Ճարտարապետ Անուշ Տեր-Մինասյան. Այսօր ավելի անհանգստացնում է այն, որ հաճախակի ենք ունենում քաղաքաշինական սխալ մոտեցումներ
Բազմադարյան պատմության ունեցող Երևանն այսօր «ոչ բոլորի դուրն է գալիս»: Շատերն են այն կարծիքին, որ Երևանն այսօր կորցրել է իր դեմքը, հետևաբար պատմությունը: Շատերն էլ այն կարծիքին են, որ քաղաքը պետք է ժամանակակից կերպարանք ունենա: Ինչպիսի՞ն պետք է լիներ Երևանը Ալեքսանդր Թամանյանի մշակած նախագծով և ինչպիսի՞ն է այն այսօր: Այս և այլ հարցերի վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է ճարտարապետ Անուշ Տեր-Մինասյանի հետ:
-Համաձա՞յն եք հնչող կարծիքներին, որ այսօր Երևանը կորցնում է իր դեմքը:
-Համաձայն չեմ: Երևանը չի կորցնում իր դեմքը: Բնականաբար, քաղաքը կենդանի օրգանիզմ է, պետք է զարգանա, մի քիչ փոխվի: Եթե քաղաքը չփոխվեր, այժմ մենք պետք է էրեբունիում ապրեինք` ուրարտական ժամանակներից մնացած ավերակներում: Իսկ Երևանն իր դիմագիծը բազմիցս փոխել է:
Բացի շատ մեծ ճարտարապետական արժեք ներկայացնող Ավանի տաճարից, Կաթողիկե եկեղեցուց, ևս մի քանի կառույցների ավերակներից, մեր քաղաքի մնացած շինությունները բավականին ուշ շրջանի` 17-19 դարերին են պատկանում, կամ խորհրդային շրջանում են կառուցված:
Ալեքսանդր Թամանյանը երբ նախագծում էր Երևանի գլխավոր հատակագիծը, բազմաթիվ շենքեր էր ստիպված քանդել, քանի որ նոր քաղաք էր կառուցում: Նա կառուցում էր նորը` օգտագործելով ամենանորարական սկզբունքներն ու ուղղությունները, նորովի ու յուրովի լուծումներ էր տալիս, միաժամանակ հասկանալով ու խորը զգալով հայկական ճարտարապետության ավանդույթները: Այնպես չէ, որ այժմ ոչ մի նոր բան չպետք է կառուցվի, ուղղակի ամեն ինչ պետք է մտացված անել: Բոլոր քաղաքներն էլ դեմքերը փոխում են. Փարիզում կառուցեցին Պոմպիդուի կենտրոնը, և դրան դեմ էին գրեթե բոլոր փարիզեցիները, իսկ այսօր այն նրանց պարծանքն է, Էյֆելյան աշտարակի կառուցման դեմ բողոքի երթեր են անցկացվել, հիմա այն Փարիզի խորհրդանիշն է: Եթե նորությունը լինի տաղանդավոր, վաղ թե ուշ ընդունվում է:
-Հին ու նոր շենքեր… գեղեցիկ են, գեղեցիկ չեն:
-Կենտրոնում լավ շենքեր ունենք և խորհրդային շրջանից, և 19-րդ դարից: Օրինակ, Հանրապետւթյան փողոցի վրա կամ կենտրոնի այլ վայրերում պահպանված կառույցներ կան, որոնք, իհարկե, պետք է պահպանվեն, քանի որ համ ու հոտ են տալիս մեր քաղաքին:
Փակ շուկա, «Սևան» հյուրանոց, …: Կային մեծ նվաճումներ, որոնք պետք է մշտապես պահպանել: Այն, ինչ կատարվում է Փակ շուկայի հետ, ուղղակի հանցագործություն է: Այն համաշխարհային նշանակության շինություն է, քանդելը մեծ սխալ էր, զարմացած եմ, թե ինչ են մտածում դրա համար պատասխանատուները: Շուկան պետք է վերականգնվի մեկը-մեկին, ոչինչ չկա փոխելու ու չպետք է փոխվի: Պետք է ստիպել քանդողին վերականգնել առանց որևէ փոփոխության: Եթե ֆունկցիան հնարավոր չէ պահպանել, այն կարող են վերածվել, ասենք, դեկորտաիվ արվեստի թանրագանի, շատ գեղեցիկ կլինի:
Իսկ «Սևան» հյուրանոցը պետք է վերակառուցել նույնությամբ: Այն մեր քաղաքում կոնստրուկտիվիզմի բացառիկ, սակավաթիվ օրինակներից էր: Միգուցե, եթե ներսը չէր համապատասխանում այսօրվա չափանիշներին, կարելի է այն փոփոխել, իսկ արտաքինն անպայման պետք է պահպանվի: Աշխարհում ընդունված է այդ տարբերակը:
«Պոպլավոկը»… Ինչո՞ւ փչացրեցին: Շատ գեղեցիկ, թեթև արված էր, հիմա ծանր, անճաշակ բան են դարձրել: Չեմ հասկանում, թե ինչու են սկսել ծանր, մեծ, մոնումենտալ կառույցներ կանգնեցնել:
Իհարկե, կան բաներ, որ անթույլատրելի է փոփոխել, քանդել, բայց, ընդհանուր առմամբ, քաղաքի դեմքը չի փոխվել:
Ինչ վերաբերում է այսօրվան, ասեմ, որ մեզ մոտ դեռևս չի ձևավորվել 21-րդ դարի ճարտարապետական լեզուն: Հյուսիսային պողոտան դեռևս փնտրտուքի արդյունք է, թեև որպես գաղափար ողջունելի է: Ունենք նոր կառուցված շատ լավ ու վատ շենքեր: Երևանի քաղաքապետարանի շենքը ժամանակակից հայկական ճարտարապետության փայլուն օրինակ է:
Այսօր ավելի անհանգստացնում է այն, որ հաճախակի ենք ունենում քաղաքաշինական սխալ մոտեցումներ. հանկարծ մի տեղ բուսնում է բարձրահարկ շենք, այդպես կառուցել չի կարելի: Իհարկե, սխալներ կան, և դրանք քիչ չեն, բայց բոլոր քաղաքներում էլ դրանք լինում են, դա ի վերջո կարելի է հաղթահարել:
Խորհրդային շրջանում էլ են շատ սխալներ արվել, օրինակ Ավան, Մասիվ (4-5-6) թաղամասերի սարսափելի կառուցապատումը` տիպարային, գորշ, վատ ճարտարապետություն, անտանելի որակով կառուցված: Ինչու այդ մասին չենք մտահոգվում:
-Թամանյանական շունչը որքանո՞վ է այսօր զգացվում մեր քաղաքում:
- Գոյություն ունեցող քաղաքը Թամանյանի կողմից ամբողջությամբ փոփոխությունների ենթարկվեց: 1924 թվականին նա կազմեց քաղաքի առաջին գլխավոր հատակագիծը: Այն կազմելիս, Թամանյանը հաշի էր առել իր ժամանակաշրջանի համաշխարհային քաղաքաշինության բոլոր ձեռքբերումները:
Լինելով հանճարեղ քաղաքաշինարար, նա ունեցել է նաև նկարչի դիրքորոշում, որ կարևոր է քաղաքի համար. ձգտել է, որ կանաչ տարածքներ շատ լինեն, ամեն փողոցի վերջում լինի հետաքրքիր հեռանկար, բոլոր հնարավոր տեղերից երևա Արարատը: Սակայն այդ ամենը մենք կորցնում ենք` սկսած հենց խորհրդային ժամանակներից:
Այսօր պետք է վերադառնալ թամանայնական գաղափարներին, նա այնպիսի կռահումներ, գաղափարներ է թողել, որ անընդհատ պետք է վերադառնալ: Անհրաժեշտ է նաև նրա նախագծած Կառավարական տունը լիովին համապատասխանեցնել նախագծին, այսինքն կառուցել ներքին բակի աշտարակը, ինչը կլինի քաղաքաշինական ճիշտ մոտեցում: Այն կառուցելուց հետո կփոխվեն ճարտարապետական շեշտերը, ինչը և հնարավորինս կմոտեցնի թամանյանական մտահղացմանը և կշտկի հետագայում թույլ տված որոշ սխալները:
Հրապարակը սիմետրիկ է դարձրել, խախտելով Թամանյանի նախագիծը, Ազգային պատկերասրահի շենքը, որը և քաղաքաշինական, և ֆունկցիոնալ տեսակետից խոշոր սխալ է: Այդ շենքը, ըստ Թամանյանի նախագծածի, ընդհնարապես չպետք է լիներ, իսկ Հյուսիսային պողոտան էլ պետք է գար ու Հրապարակի աշտարակի վրա վերջանար:
Պետք է փորձել ուղղել այն, ինչը դեռ հնարավոր է: Կարծում եմ, որ «Հին Երևան» թաղամասի կառուցումն էլ կնպաստի մեր մանկության քաղաքի ինչ-որ չափով վերադարձի: Իսկ ամենակարևորը` պետք է կառուցվեն միայն տաղանդավոր ճարտարապետների շենքերը, և այն ժամանակ, եթե քաղաքը նույնիսկ մասամբ նոր դիմագիծ ձեռք բերի, դա միայն ողջունելի կլինի:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան