«Արմավիա»-ի կողմից չվերթների դադարեցումը զբոսաշրջության վրա բացասական ազդեցություն չի ունեցել. Արա Պետրոսյան
Մարտի 29-ից ազգային ավիափոխադրող համարվող «Արմավիա» ընկերության չվերթների դադարեցումը զբոսաշրջային այցելությունների վրա բացասական ազդեցություն չի ունեցել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկային փոխնախարարի պաշտոնակատար Արա Պետրոսյանը:
Նրա խոսքերով՝ այս խնդիրը գտնվում է ՀՀ կառավարության հսկողության և մոնիթորինգի ներքո: «Մենք կապի մեջ ենք մասնավոր հատվածի հետ, որոնք կազմակերպում են տուրիստական այցելություններ Հայաստան, և որևէ բողոք, չեղյալ հայտարարված ամրագրումներ այս պահի դրությամբ չունենք»,- ասաց Ա. Պետրոսյանը:
Ըստ նրա՝ այլ ավիաընկերութունները, որոնք հնարավորություն ունեցան ավելացնել թռիչքները դեպի Հայաստան՝ լրացրել են «Արմավիայի» բացը: «Այստեղ մեծ ցնցումներ չեղավ նաև այն առումով, որ վերջին շրջանում «Արմավիան» նվազեցրել էր իր թռիչքները, ուստի նրա շուկայից դուրս գալը մեծ ցնցումներ չառաջացրեց: Համենայնդեպս, այս պահին խնդիրներ չունենք, դեպի Հայաստան ուղևորահոսքերը նորմալ իրականացվում են»,- նշեց նա: