Վարչապետն ու Ծառուկյանը քննարկել են կոալիցիա ձևավորելու հարցը
Երեկ իշխանական կուլիսներում լուրեր տարածվեցին, որ նախօրին հանդիպել են վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նույն շրջանակներում խոսակցություններ էին շրջանառվում նաև, որ հանդիպման ընթացքում բանակցություններ են ընթացել ապագա կառավարության շուրջ:
Երբ վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանից «Հայկական ժամանակ»-ը փորձել է պարզել՝ ճի՞շտ է արդյոք, որ վարչապետն ու Ծառուկյանը հանդիպել են և կոալիցիայի հարց քննարկել, հաստատո՞ւմ, թե՞ հերքում եք այս տեղեկությունները, նա պատասխանեց, «Վարչապետը պարբերաբար հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական ուժերի ղեկավարների հետ»:
«Սույն մեկնաբանությունը փորձեցինք ճշտել նաև «Բարգավաճ Հայաստանից»: ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը մեր թղթակցին փոխանցեց, թե նման տեղեկություն ինքը չունի: Կուսակցության տարբեր ներկայացուցիչներ ևս խուսափում էին պաշտոնապես պատասխանել մեր այդ հարցին: Նրանցից մեկը, սակայն, մեր մասնավոր զրույցում ասաց, որ ինքն էլ է լսել հանդիպման մասին և փորձում է ճշտել մանրամասները: Մեզ հայտնի դարձավ, որ երեկ երեկոյան Ծառուկյանն իր մոտ կուսակցության կենտրոնական գրասենյակ զրույցի էր հրավիրել ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչների: Մանրամասներ, սակայն, այդ հանդիպումից հայտնի չեն: Մինչ այդ, իշխանական շրջանակներում խոսում էին, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև բանակցություններ են ընթանում կոալիցիա ձևավորելու շուրջ: Ըստ նույն շրջանակների, Ծառուկյանը պատրաստ է մաս կազմել կոալիցիային, եթե ԲՀԿ-ն ապագա կառավարության կազմում նախարարական 5 պորտֆել ունենա: ՀՀԿ-ն, սակայն, պատրաստ է զիջել 3 կամ 4 պորտֆել: Թե ինչով կավարտվեն այս բանակցությունները, դժվար է ասել»:
Հնարավոր կոալիցիայի վերաբերյալ թերթի թղթակցի հարցին Տիգրան Ուրիխանյանը պատասխանել է, որ նման հարց չի քննարկվել և դա իրենց հետաքրքրությունների տիրույթում չէ: ՀՀԿ ներկայացուցիչները ևս դեռ չեն շտապում որևէ բան ասել այս ամենի վերաբերյալ: Մասնավոր զրույցներում նրանք, սակայն, վստահեցնում են, որ վերոնշյալ բանակցություններով է պայմանավորված նոր կառավարության ձևավորման «ուշացումը»: