Հ. Սահակյան. Առաջին նախագահն անխնա տորպեդահարում է ակտիվ գործընթացում գտնվող թիմին
«Այն, որ Ր. Հովհաննիսյանը 37 տոկոս ձայն հավաքելով ընդդիմադիր հատվածում որոշակի լոկոմոտիվի դեր էր ստանձնել, դա ակնհայտ է: Այն, որ տարբեր քաղաքական ուժեր շատ արագ դա «իր ձեռքից տարան», դա էլ է ակնհայտ: Եվ թե ինչ նոր խոսք է ասելու և դեպի ուր է տանելու, սա այլ հարթության մեջ դիտարկելու խնդիր է»,- անդրադառնալով Անի հյուրանոցում Ր. Հովհաննիսյանի կազմակերպած այսօրվա քննարկմանը, Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը:
«Ես մի բան կցանկանայի, որ նորից հիասթափություն չապրենք: Երբ ժողովուրդը հիասթափված է, ոչ մի լավ քայլ, խոսք, փոփոխություն ի վիճակի չէ գնահատել»,- նշեց պատգամավորը:
Նրա խոսքերով` ընդդիմադիր հատվածը մեկը մյուսի նկատմամբ չարությամբ է լցված և ամենավերջին բառերով, գործողություններով, քայլերով սևացնում են մեկը մյուսին:
Անդրադառնալով մեր դիտարկմանը, թե` ընդդիմադիր ուժերի շրջանում պայքարը միմյանց դեմ ավելի թեժ է, քան իշխանության դեմ, Հ. Սահակյանն ասաց. «Այո, քանի որ 37 տոկոս քվե հավաքած Ր. Հովհաննիսյանի հարթակը վերցնելու խնդիր կա: ՀԱԿ-ը համարում է, որ ինքն է դրա տերը, Դաշնակցությունը` որ ինքը, ԲՀԿ-ի քաղաքական թիմը` կիսաընդդիմություն-կիսաիշխանություն: ԲՀԿ-ն համարում է, որ ընդդիմության դաշտում է, բայց իշխանական թևի հետ էլ որոշակի հարաբերություններ ունի ու, մեջտեղում գտնվելով, փորձում է վերցնել ավելին…: Այստեղ գործում է ջունգլիների օրենքը` ամեն ինչ վերցնել, դրա համար չխնայել ոչինչ»:
Պատասխանելով հարցին, թե` ինչքանո՞վ եք հավանական համարում ընդդիմադիր ուժերի համագործակցությունը, Հ. Սահակյանն ընդգծեց, որ եթե իրենք ուզում են հավաքել հիսուն գումարած մեկ տոկոս ընդհանուր փաթեթ, որ համախմբվեն, դա խնդիր է, քանի որ պետք է կարողանալ դա հավաքել:
«Եթե հետագայում համագործակցեն, սա էլ է խնդիր, քանի որ մենք տեսնում ենք, որ իրենց մեջ ճգնաժամն այնքան խորն է, որ երբ ընդդիմադիր քաղաքական թիմն ակտիվ քաղաքական գործընթացի մեջ է, մեկ այլ քաղաքական թիմի լիդերը, ի դեմս առաջին նախագահի, անխնա տորպեդահարում է նրան»,- նշեց զրուցակիցը, ապա հավելեց. «Ընդդիմադիր ուժերի համախմբումը կարող է լինել արհեստական, կարճաժամկետ, քանի որ նրանք ընդդեմ ինչ-որ գործընթացի են, ոչ թե հանուն»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են