ԱՄՆ դեսպան. «Հայաստանում ավիատոմսերի գները բարձր են, ծառայությունների որակն էլ հրաշալի չէ»
Հայաստանում տուրիզմի ոլորտի ծառայությունների, այդ թվում՝ ավիատոմսերի գները թանկ են: Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
Դեսպանի խոսքերով՝ զբոսաշրջային ամբողջ փաթեթը պետք է դիտարկել, ոչ թե փաթեթի միայն մեկ բաղադրիչը: «Օրինակ՝ երբ զբոսաշրջիկը Վիեննայի օդանավակայանում ստիպված է 15 ժամ սպասել իր չվերթին, այդ պարագայում չի գա այստեղ: Եթե Միացյալ Նահանգներից ես գալիս և երկու գիշեր պետք է օդանավում անցկացնես՝ չես գա Հայաստան: Այո, գները բարձր են, ծառայությունները հրաշալի չես անվանի, և շատ երկար ժամանակ է պահանջվում», ասաց Ջոն Հեֆֆերնը:
Նրա կարծիքով՝ քաղաքացիական ավիացիայի ոլորտում անհրաժեշտ են դրական տեղաշարժեր, և այս պարագայում ավելի շատ մարդիկ կօգտվեն տուրիստական լավ փաթեթներից:
Հարցին, թե արդյո՞ք ավիացիայի ոլորտի ազատականացումը կբերի գների նվազմանը, ԱՄՆ դեսպանը պատասխանց. «Այո»:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնակատար Արա Պետրոսյանն էլ նշեց, որ իրենք իրականացրել են հետազոտություններ, և այն չարչրկված հարցը, որ Հայաստանի հյուրանոցներն ավելի թանկ են, քան Վրաստանի հյուրանոցները, ապա այդպես չէ: «Ես ձեզ պաշտոնապես հայատարարում եմ, որ Հայաստանի հյուրանոցների գները շուրջ 10-15 տոկոսով ավելի էժան են, քան նույն կարգի հյուրանոցների գները Վրաստանում»,- ասաց նա:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են Հայաստանի քաղաքացիները նախընտրում հանգստանալ Վրաստանում, Ա.Պետրոսյանը նշեց. «Որովհետև Սև ծովը որևիցե կապ չունի Սևանա լճի և բարձրադիր կուրորտի հետ: Նա լրիվ ուրիշ տուրիստական ապրանք է, սա լրիվ ուրիշ տուրիստական ապրանք է»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա