Վիկտոր Յուշչենկոն 400 դոլար, մեղր ու մուրաբա կուղարկի Վրաստան
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն պատրաստ է Վրաստանի բյուջեին հատուցել 400 ԱՄՆ դոլար: Այդ մասին, «pravda.com.ua» կայքի փոխանցմամբ, հայտարարել է Յուշչենկոյի մամուլի խոսնակ Իրինա Վաննիկովան:
Վաննիկովան նշել է, որ թեև Վ.Յուշչենկոն 2011թ.-ի ապրիլի 6-ին չի գտնվել Վրաստանում և չի օգտվել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից կազմակերպված ընդունելությանը, որը նախատեսում էր նաև Յուշչենկոյի` բաղնիք այցելելը և ծառայություններից օգտվելը, այդուհանդերձ վերջինս պատրաստ է Վրաստանի բյուջեին տրամադրել 400 ԱՄՆ դոլար, օճառ, մեղր ու մուրաբա:
Վաննիկովայի խոսքով, Յուշչենկոն այդ օրը եղել է Կիևում, մասնակցել «Մեր Ուկրաինա» կուսակցության քաղխորհրդի նիստին, ուստի նա չէր կարող օգտվել վերոնշյալ ծառայություններից:
Բանն այն է, որ ապրիլի 17-ին Վրաստանի խորհրդարանի ընթացակարգային հարցերի հանձնաժողովի նախագահը հրապարակել է տվյալներ, որոնց համաձայն պետական պահպանության ծառայության 2011թ.-ի բյուջետային ծախսերում նշված է եղել, որ 2011թ.-ի ապրիլի 6-ին 591 լարի գումար է հատկացվել Ուկրաինայի նախկին նախագահ Վ. Յուշչենկոյի` Թբիլիսիի բաղնիքներից մեկի ծառայությունից օգտվելու համար: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ ըստ ծախսերի ցուցակի այդ ծառայությունը նախատեսված է եղել 7 անձի համար և այն ներառել է մեղրով մերսում, թեյ, մուրաբա, հանքային ջրեր, 7 հատ օճառ և այլն:
Այսօր արդեն պարզվում է, սակայն, որ իրականում Յուշչենկոն այդ ծառայություններից չի օգտվել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան