Ինչո՞ւ էր 4 տարի լռում ԲՀԿ-ն
Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին` «Голос Армении»-ն գրում է. «Քարոզարշավի ընթացքում ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն հիմնական շեշտը դնում են այն հանգամանքի վրա, թե իբր ՀՀԿ-ն մոնոպոլիզացրել է իշխանությունը, և դա է պատճառը, որ երկրի կառավարումն արդյունավետ չի իրականացվում: Սակայն ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հարգարժան պարոնայք մոռանում են, որ ժամանակին իրենք բավականին երկար ժամանակ կոալիցիոն կառավարության անդամ են եղել, իշխանական պորտֆելների կրող են եղել, սակայն իրենց կուսակիցների պաշտոնավարման տարիներին իրենց իրավասության տակ գտնվող բնագավառներում որևէ դրական փոփոխություն չի եղել»:
Մասնավորապես թերթը հիշեցնում է, որ շուրջ 4 տարի ԲՀԿ-ն Երևանի ավագանու անդամ է եղել. «Ի՞նչն էր խանգարում ավագանու անդամ ԲՀԿ-ին Երևանի համար օգտակար ծրագրեր առաջարկել և քաղաքում դրական փոփոխությունների նախաձեռնող դառնալ անցած 4 տարիների ընթացքում: Ինչո՞ւ է ԲՀԿ-ն Երևանում փոփոխությունների անհրաժեշտության մասին հիշել հենց ընտրությունների ժամանակ»,-գրում է «ГА»-ն: Թերթը նկատում է, որ ԲՀԿ-ի ակտիվ քարոզարշավով զբաղվող Վարդան Օսկանյանն ու Նաիրա Զոհրաբյանը երբևէ չեն զբաղվել մայրաքաղաքի խնդիրներով: Ինչ վերաբերում է «Բարև» դաշինքին` թերթը նկատում է, որ դժվար թե կազմակերպչական հարցերում աչքի չընկած Արմեն Մարտիրոսյանը կարողանա շատ ձայն հավաքել. ըստ «ГА»-ի` Ր. Հովհաննիսյանի կողմից սխալ քայլ էր «Բարև» դաշինքի ավագանու ցուցակը չգլխավորելը: