Տ. Քոչարյան. Ֆեյսբուքյան քարոզչությամբ հնարավոր չէ հասնել որևէ արդյունքի
Սոցիալական ցանցերը բոլոր երևույթների վրա մեծ ազդեցության ունեն: Հայաստանում 400 հազար մարդ գրանցված են «Ֆեյսբուքում»: Հաշվի առնելով, որ 50-80 հազարը նաև կեղծ անուններով են գրանցված, «Ֆեյսբուքից» օգտվում է Հայաստանի ազգաբնակչության 1/3-ը: Այս թվերն ասուլիսում ներկայացրեց տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը:
Նրա խոսքով, գրանցված ֆեյսբուքցիների մոտ 150-200 հազարն է հետաքրքրված քաղաքականությամբ: Ըստ մասնագետի, ֆեյսբուքյան քարզոչությամբ հնարավոր չէ հասնել որևէ արդյունքի, այն ուղղակի քարոզչությունը դուրս է հանում այլ տարածք, որտեղ հասանելի չէ:
Տ. Քոչարյանի դիտարկմամբ, ՖԲ-ում Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին ակտիվ քարոզչությամբ զբաղվում են ՀՀԿ-ն ու «Ժառանգությունը», ՕԵԿ-ն է ակտիվացել, ՀՅԴ-ի քարոզչությամբ հիմնականում զբաղվում են ՀՅԴ-ի համակիրները, գաղափարակիրները: Ակտիվ են նաև ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը: Վերջինիս ակտիվությունը, ըստ փորձագետի, հիմնականում «հակաժառանգական» ու «հակահանրապետական» քարոզչության իրականացմամբ է արտացոլվում: «Ինչ-որ բան է նկատվում, որ ՀԱԿ-ը ԲՀԿ-ի հետ զուգահեռ է աշխատում»,- ասաց նա` միաժամանակ հավելելով, որ ԲՀԿ-ն վերջին շաբաթում մեղմացրել է է ՀՀԿ-ի նկատմամբ քննադատությունը, դրա փոխարեն ՀԱԿ-ն է ակտիվացել:
Տ. Քոչարյանը նաև նշեց, որ ՖԲ-ն չի արտացոլում ամբողջ Հայաստանի բնակչության կարծիքը: Նրա դիտարկմամբ, ովքեր չեն օգտվում ՖԲ-ից, այլ կարծիք ունեն, այսինքն` ««Ֆեյսբուքի» արդյունքները վերջնական չպետք է ընդունել»: