Թաթուլ Մանասերյանը Կառավարությանն առաջարկում է ստեղծել արտաքին առևտրի կառույց
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնը մշակել է տնտեսության զարգացման ռազմավարություն, որտեղ ներկայացված են լինելու մինչև 2025թ–ը տնտեսության մեջ իրականացվող բարեփոխումների ուղղությունները։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։
Ռազմավարությունում, ըստ տնտեսագետի, էական ուշադրություն է դարձվելու հատկապես զբաղվածության ավելացմանն ու բարեկեցության բարձրացմանը: «Եթե մենք ունենանք տնտեսական զարգացում, մրցունակության բարձրացում, բնականաբար, կունենանք նոր աշխատատեղեր և բարեկեցիկ կյանքով ապրող բնակչություն»,- ասաց նա:
Թ.Մանասերյանը նշեց նաև, որ թեև մշտապես քննադատել է ՀՀ կառավարության գործունեությունը, այնուամենայնիվ ռազմավարության մշակման ուղղությամբ շարունակում է համատեղ աշխատել Կառավարության հետ։ «Մենք առաջարկում ենք տնտեսության զարգացման ճանապարհային քարտեզը, որը ուղղակի այլընտրանք է Կառավարության այսօրվա ծրագրին։ Եթե մի կողմ քաշվենք և տեսնենք, որ Կառավարության կազմում փոփոխություններ չեն լինում և սպասենք ևս 5 տարի ու թշնամական վերաբերենք այն քայլերին, որոնք արվում են, դա ևս իրատեսական չէ։ Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ լինել պահանջկոտ, անընդհատ բարձրացնել այն հարցերը, որոնք մտահոգում են, և պահանջել, որ դրանք իրականություն դառնան»,- ասաց Թ.Մանասերյանը:
Ըստ նրա՝ ճանապարհային քարտեզում ներկայացված են քայլեր, որոնք կխթանեն տնտեսության զարգացմանը, ինչպես նաև կկրկնապատկվեն արտահանման ծավալները: «Եթե իմ և գործընկերների թիմին հնարավորություն տրվի նման ոլորտ կառավարել, ապա ամենահամեստ հաշվարկներով Հայաստանի արտահանումը մեկ տարվա ընթացքում կրկնապատկվի»,- ասաց նա՝ հավելելով, որ իրականում այստեղ լուրջ թերացումներ կան:
Այդ պատճառով էլ, Թ.Մանասերյանի խոսքերով, իրենք Կառավարությանն առաջարկում են ստեղծել արտաքին առևտրի կառույց։ «Օպտիմալացնելով այն օղակները, որտեղ միայն շարիկ են գլորում, կկարողանանք փոքրաթիվ թիմով ունենալ մի կառույց, որն իսկապես ոլորտում հաջողություններ կարձանագրի»,- նշեց տնտեսագետը: