Մեկնարկել են Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տարվա ամփոփիչ միջոցառումները. Մուտքն ազատ է
Երևանի քաղաքապետարանում մեկնարկել են Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տարվա ամփոփիչ միջոցառումները: Պաշտոնական արարողակարգը մեկնարկեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ողջույնի խոսքով: Միջոցառումների շրջանակներում կայացավ «Համաշխարհային գրքի պատմությունը» վավերագրական ֆիլմի պրեմիերան:
Միջոցառման շրջանակում ներկայացված են հայ հրատարակիչների և տարվա ընթացքում տպագրված նոր գրքերի ցուցահանդես-վաճառք, նախատեսված են գրքերի շնորհանդեսներ, իսկ կեսգիշերից` նաև գրական գինեձոն: Երևանի պատմության թանգարանում կազմակերպվել է բացառիկ նյութերի ու գրականության ցուցադրություն: Քաղաքապետարանի տարբեր սրահներում հնչում է տարբեր ոճերի երաժշտություն: Բոլոր ցանկացողների համար մուտքը Երևանի քաղաքապետարան ազատ է մինչև լուսաբաց: Նշենք, ժամը 23:00-ից սկսած քաղաքապետարանին հարակից հրապարակից յուրաքանչյուր ժամը մեկ կգործեն ավտոբուսներ:
Միջոցառումներին ներկա են բազմաթիվ հյուրեր, այդ թվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, նախկինում գրքի համաշխարհային մայրաքաղաքներ հռչակված երկրների ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպաններն ու հյուպատոսները, շուրջ 50 գրողներ արտերկրից:
2013 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաքը Բանգկոկն է: Հայկական պատվիրակությանը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավությամբ արդեն մեկնել է Բանգկոկ: Ապրիլի 23-ին Գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը հանդիսավորապես կփոխանցվի Բանգկոկին: Տոնական միջոցառման ընթացքում կներկայացվեն տարվա ընթացքում իրականացված ծրագրերը, կամփոփվեն արդյունքները, կցուցադրվի ամփոփիչ ֆիլմ, և «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» տիտղոսը հանդիսավոր կերպով կփոխանցվի 2013 թ. գրքի մայրաքաղաք Բանգկոկին: Միջոցառման շրջանակներում ապրիլի 22-ին և 23-ին Բանգկոկում տեղի կունանա տոնական համերգ, որին կմասնակցեն Ինգա և Անուշ Արշակյանները:
Հիշեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևանը հռչակել է 2012 թվականի Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Երևանը դարձել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված 12-րդ քաղաքը: Նախորդ տարիներին այդ տիտղոսին են արժանացել Մադրիդը /2001/, Ալեքսանդրիան /2002/, ՆյուԴելին /2003/, Անդվերպենը /2004/, Մոնրեալը /2005/, Թուրինը /2006/, Բոգոտան /2007/, Ամստերդամը /2008/, Բեյրութը /2009/, Լյուբլյանան /2010/ և ԲուենոսԱյրեսը /2011/:
Հիշեցնենք նաև, որ 2012-ին տոնում ենք հայկական առաջին տպագիր գրքի 500-ամյա հոբելյանը և հենց Հայաստանում ու արտերկրում միջոցառումների և տոնակատարությունների լայնածավալ մշակութային ծրագրերը պատճառ հանդիսացան, որպեսզի Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընտրվի 2012թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք: