Երևանը հրաժեշտ տվեց Գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղսոսին
Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների ծրագիրը ավարտված է: Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիսավոր արարողությամբ ամփոփվել է այն: Հանդիսությանը ներկա են եղել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, պետական ու քաղաքական գործիչներ, հոգևոր այրեր, արվեստի ու մշակույթի գործիչներ, բազմաթիվ գրասեր ու արվեստասեր երևանցիներ:
Քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ իր ելույթում համառոտ ներկայացնելով տարվա ընթացքում իրականացված միջոցառումները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այդ ընթացքում Երևանը սիրով հյուրընկալել է գրասեր միջազգային հասարակությանը, կայացել են բազմաթիվ համաժողովներ, փառատոններ ու համերգային ծրագրեր, ցուցահանդեսներ ու ներկայացումներ: Երևանում բացվել են նաև գրախանութներ, (ընդգծումը` panorama.am-ի) հարստացվել է գրադարանային ֆոնդը, տպագրվել են հարյուրավոր հայ ու արտասահմանցի հեղինակների բազմաթիվ գրքեր.
«Երևանն անցած տասներկու ամիսներին պատիվ ունեցավ կրելու Գրքի համաշխարհային մայրաքաղաքի բարձր ու պատվավոր տիտղոսը: Դա, կարծում եմ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցով հայոց հինավուրց մայրաքաղաքի գրքի ու գրականության նկատմամբ ունեցած դարավոր սիրո, համաշխարհային հանրության վստահության ու գնահատականի դրսևորումն էր: Կարծում եմ, որ քաղաքամայր Երևանն ունեցավ իր հատկանշական դերակատարումը այս գործում և սիրով այս պատվաբեր տիտղոսը ապրիլի 23-ին հայկական պատվիակության կողմից կփոխանցվի Բանգկոկին` բովանդակային առումով հագեցած, կարևորված ու հարստացած»,-ասել է Տարոն Մարգարյանը:
Նա հայտարարել է միջազգային հումանիտար ծրագրերին մասնակցելու Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը:
Հայ գրատպության 500 ամյակի պետական հանձնաժողովի քարտուղար, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն իր խոսքում նշելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների կարծիքով Երևանում իրականացված ծրագրերը օրինակելի են լինելու գրքի ապագա մայրաքաղաքների համար, նաև կարևորել է, որ իրականացված միջոցառումների արդյունքում այսօր մարդիկ ավելի շատ են կարդում:
« Մեզ համար սա լեցուն ու բազմազբաղ տարի էր: Ինչպես և նախկինում՝ մեծածավալ ծրագրերում մենք որդեգրեցինք խոշոր կտավի մոտեցումը և ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ մեր ժառանգությունը, մեր ազգային արժեքները չեն սահմանափակվում մի քանի տասնյակ հազարավոր կիլոմետրերով: Վստահ եմ, որ մեզանում գրքի մեծարումը չի ավարատվելու փակման այս արարողությամբ: Մենք ականատեսն ենք լինելու բազմաթիվ նոր բախաձեռնությունների և ծրագրերի: Հանձնաժողովի անունից հատուկ շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետարանին և իմ տեսած նորօրյա Երևանի լավագույն քաղաքապետ Տարոն Մարգարյանին»,-ըստ հաղորդագրության` նշել է Վիգեն Սարգսյանը և քաղաքապետարանի աշխատանքը գնահատել «փայլուն»: