Ա. Երիցյանը կքանդի Գետառի պատնեշի որոշ հատվածներ` անկախ շինությունների սեփականատերերի ով լինելուց (տեսանյութը՝ շուտով)
Երևանի քաղաքապետի ՕԵԿ թեկնածու Արմեն Երիցյանը չի պատրաստվում հեռաուստաբանավեճի հրավիրել Տարոն Մարգարյանին և որևէ այլ թեկնածուի, ասում է` այդ «առերեսման» անհրաժեշտությունը չկա, բոլորիս ծրագրերն էլ լավն են, նպատակը` նույնը: Այս մասին նա հայտնել է Panorama.am-ին տված հարցազրույցում:
Անդրադառնալով իր ծրագրին` ՕԵԿ թեկնածուն հայտարարել է, որ անկախ ընտրություների արդյունքներից` մտադիր է քանդել Գետառի պատնեշի որոշ հատվածներ` ժամանակ առ ժամանակ այնտեղ մեխանիզացիա աշխատեցնելու համար: Ասում է` խնդիրը լուրջ է և էական չէ, թե ովքեր են Գետառի վրա` Խանջյանի հատվածում ահռելի օբյեկտներ կառուցել :
Երևանի բակային հանդիպումների ընթացքում թեկնածուն հասցրել է իր համար մի շարք տհաճ բացահայտումներ անել` քաղաքային իշխանությունների անգործությունից մինչև երթուղիներ բացելու ստվերային պայմանավորվածություններ:
«Մարդիկ չեն ճանաչում իրենց թաղապետերին, ավագանուն էլ տեսնում են ընտրություններից ընտրություններ»,-տարակուսանքով արձանագրում է Արմեն Երիցյանը և նախազգուշացնում,- «եթե ընտրվեմ, իսկ ես ընտրվելու եմ` շատերն են չարչարվելու. և' ղեկավարները, և' մյուսները»:
Տարածված տեսակետին, որ քաղաքապետի ընտրապայքարում ՕԵԿ- ՀՀԿ մրցակցությունը կեղծ է, հետևապես անկեղծ չէ Երիցյանն իր ընրողի հետ, թեկնածուն բուռն է արձագանքել.
«Կարող ա գիտեք տունտունիկ եմ խաղում, բա էլ ինչի համար եմ մտել խաղի մեջ, տղամարդ եմ եկել եմ պայքարելու համար, եկել եմ, որ հաղթեմ ու հաղթելու եմ»:
Երիցյանը խոստովանել է, որ ՕԵԿ քարոզարշավներին միտումնավոր է գնում միայնակ` առանց կուսակիցների ուղեկցության, և դրա համար ունի իր պատճառները:
Իսկ թե ովքեր են համոզել ԱԻ նախարարին առաջադրել թեկնածությունը և ինչ հանգամանքներում, պարզաբանել է ինքը` Արմեն Երիցյանը մեր տեսանյութում:
Սյուզի Բադոյան